հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Այս պահին Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և վե՛րջ․ Դավիթ Խուդաթյան

Այս պահին Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և վե՛րջ․ Դավիթ Խուդաթյան

Այս պահին Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և վե՛րջ։ Այս մասին հունիսի 11-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ մեկնաբանելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն խոսքերը, թե Հայաստանը պետք է վերջնականապես կողմնորոշվի։

«Հայկական կողմը բազմիցս անդրադարձել է այս հարցին։ Հայաստանն այս պահին ԵԱՏՄ անդամ է։ Մեր պլանները մնում են նույնը, և վարչապետն էլ բազմիցս ներկայացրել է դրանք։ Այսինքն՝ մենք ԵԱՏՄ-ում ենք, և վե՛րջ»,- նշել է նախարարը։

Լրագրողները հետաքրքրվել են, թե այդ դեպքում ինչո՞ւ ռուսական կողմը չի շտապում շնորհավորել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հաղթանակի կապակցությամբ։

«Կան երկրներ, որոնք անմիջապես են շնորհավորում։ Կան նաև այնպիսիները, որոնք դա անում են ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո»,- հավելել է նախարարը։

Մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ընտրություններից անմիջապես հետո Մոսկվա մեկնելու խոստումը՝ Խուդաթյանը հիշեցրել է, որ ընտրությունների վերջնական արդյունքները դեռ հայտնի չեն, հետևաբար՝ վարչապետի արտասահմանյան այցերի հաստատված ժամանակացույց նույնպես չկա։

  • Կիսվել: