երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այլեւս բժիշկը չի կարող ուղղորդել բուժառուին դեպի կոնկրետ ֆիրմայի դեղեր. Փաշինյան

Այլեւս բժիշկը չի կարող ուղղորդել բուժառուին դեպի կոնկրետ ֆիրմայի դեղեր. Փաշինյան

Ժամանակ առ ժամանակ տարբեր տեղերից խոսակցություններ են լինում, որ բժիշկները հատուկ ֆիրմայի դեղին են նախապատվությունը տալիս, որ կապեր ունեն ֆիրմաների հետ: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ մարտի 1-ից 470 անվանում դեղեր դուրս են գրվելու բացառապես էելկտրոնային եղանակով:

«Էլեկտրոնային ղեղատոմսը մեզ հնարավորություն է տալիս տեսնել հետագծելիությունը, թույլ է տալիս ստուգել դեղատոմս դուրս գրողի եւ դեղատան կապը: Մենք տեսնելու ենք, թե դեղն ով է դուրս գրել եւ որտեղից է դեղը վերցրել, եւ եթե անկանոնություններ նկատվեն… Նաեւ օբյեկտիվ խնդիրներ կան, օրինակ, բժիշկներ կան, որ ասում են՝ ես համոզված եմ այս դեղի ազդեցության վրա, որովհետեւ իմ պրակտիկան բերել է դրան»,-ասաց նա:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ հստակեցրեց. «Մենք մի քայլ ավել ենք գնացել, ոչ թե դեղի անունն է գրվելու, այլ դեղանյութի: Եվ եթե այդպես է, ապա առհասարակ բժիշկը չի կարող ուղղորդել: Արդեն գնորդն է որոշում դեղանյութ պարունակող համապատասխան ակտիվության դեղը ինչ անուն ունենա կամ որ արտադրողի կողմից լինի»:

Առողջապահության փոխնախարար Ջումայանն ասաց. «Դեղը դուրս է գրվելու ազդող նյութով, ոչ թե դեղի անվանումով: Քանի որ տվյալ ազդող նյութով կարող են 5-10 անվանումներով լինեն, բուժառուն հնարավորություն ունի  ընտրելու, թե որն է ուզում՝ ըստ մատչելիության: Էլեկտրոնային դեղատոմսի դեպքում դեղատան աշխատակիցը չի կարող դոզայի կամ քանակի փոփոխություն կատարել, որն այսօր, ցավոք, նկատում ենք: Այստեղ մենք խզել ենք նաեւ կապը բժշկի հետ, որ չլինեն այդ ուղղորդումները»:

Փոխնախարարը նշեց նաեւ, որ այս ամենը կատարվելու է «Արմեդ» համակարգով եւ ամեն ինչ պատրաստ է:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նկատեց. «Այստեղ շատ կարեւոր եւս մեկ հարց է լուծվում, երբ դեղատոմսը կապվում է իմ հիվանդության պատմության հետ: Եթե իմ անունով դուրս գրվեց ինչ-որ մի դեղ, որը կապ չունի իմ հիվանդության սիմպտոմատիկայի հետ, դա ահազանգ է»:

  • Կիսվել: