երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Այգիների կառուցում, բարեկարգում, շենքի հիմնանորոգում․ Արմավիրի մարզում մասնակցային բյուջետավորման ծրագրի արդյունքները

Այգիների կառուցում, բարեկարգում, շենքի հիմնանորոգում․ Արմավիրի մարզում մասնակցային բյուջետավորման ծրագրի արդյունքները

Մասնակցային բյուջետավորման պիլոտային ծրագրի շրջանակներում Արմավիրի մարզի Արմավիր համայնքում կառուցվում է ժամանակակից լուծումներով այգի, որը ներառելու է կանաչապատ տարածք, շատրվաններ և սքեյթ-պարկ։ Ծրագրի արժեքը կազմում է 140 253 120 դրամ։ Աշխատանքները կատարված են մոտ 50 տոկոսի չափով։

Մասնակցային բյուջետավորման ծրագրով՝ համայնք-Կառավարություն համագործակցությամբ Արմավիրի մարզի Լենուղի բնակավայրոււմ իրականացվում է նաև վարչական շենքի մասնակի հիմնանորոգում, իսկ Մյասնիկյան բնակավայրում՝ Մշակույթի տան հարակից այգու բարեկարգում։ Երկու ծրագրերի մասով էլ աշխատանքները կատարված են 95 տոկոսի չափով։ Բնակիչների քվեարկությանը նախապես ներկայացված է եղել 4 ծրագիր, քվեարկությամբ հաստատվել են վերը նշված ծրագրերը։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակներում ծանոթացել է մասնակցային բյուջետավորման պիլոտային ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների ընթացքին։

Մասնակցային բյուջետավորման գործընթացում ներգրավված են պիլոտային չորս համայնքներ, որոնց 2024 թվականի ընթացքում պետբյուջեից տրամադրվել է մոտ 500 մլն դրամ գումար։ Եվս 17 համայնքներ ցանկություն են հայտնել միանալու այդ նախաձեռնությանը 2025 թվականի ընթացքում։

  • Կիսվել: