Ավարտվել է Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Կորեա
Ավարտվել է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Կորեայի Հանրապետություն, որի ընթացքում նախարարը մասնակցել է «Կայուն օվկիանոսների նախաձեռնություն» (Sustainable Ocean Initiative Global Dialogue) բարձր մակարդակի գլոբալ երկխոսությանը և ունեցել մի շարք կարևոր երկկողմ ու աշխատանքային հանդիպումներ։
Այցը կարևոր հնարավորություն էր Հայաստանի համար խորացնելու համագործակցությունը բնապահպանական առաջնահերթ ուղղություններով` ներկայացնելու մեր երկրի մոտեցումները միջազգային հարթակում և ձևավորելու նոր գործընկերություններ։
Նախարարը հանդիպումներ է ունեցել Կորեայի Հանրապետության կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի նախարար Կիմ Սոնգ Հվանի, օվկիանոսների և ձկնորսության նախարար Հվան Ջոնգ Վուի, ինչպես նաև Կորեայի անտառային նախարարության ղեկավարության հետ։
Համբարձում Մաթևոսյանն այցի ընթացքում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել միջազգային կազմակերպությունների և ոլորտի առաջատար փորձագետների հետ՝ քննարկելով կենսաբազմազանության պահպանության գլոբալ օրակարգը, միջազգային համագործակցության նոր հնարավորությունները և Հայաստանի կողմից հյուրընկալվելիք CBD COP17-ի նախապատրաստական աշխատանքները։
Նախարարը վստահեցրել է, որ այս այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն ու ձևավորված գործընկերությունները նոր խթան կհաղորդեն Հայաստան–Կորեա համագործակցության զարգացմանը և կնպաստեն մեր երկրի բնապահպանական օրակարգի արդյունավետ առաջմղմանը։



