հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Աշխատող զինհաշմանդամները պաշտպանված կլինեն օրենքով. նախագիծը դրվել է հանրային քննարկման

Աշխատող զինհաշմանդամները պաշտպանված կլինեն օրենքով. նախագիծը դրվել է հանրային քննարկման

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի լրամշակված տարբերակը: Նախագծով փոփոխություններ ու նոր կարգավորումներ են առաջարկվում մի շարք ուղղություններով, որոնք առնչվում են ինչպես աշխատողներին, այնպես էլ գործատուներին:

Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝  սահմանվել են նոր կարգավորումներ, որոնցով լրացուցիչ երաշխիքներ են տրվում զինվորական ծառայության, ռազմական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց: Հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նշեց, որ հաստիքների կրճատման պարագայում նշված անձինք առավելություն կունենան մյուս աշխատակիցների նկատմամբ:

Գործող կարգավորումներով նախատեսված է, որ գործատուն իրավունք ունի իր նախաձեռնությամբ հաստիքների կրճատման պարագայում լուծել աշխատողի աշխատանքային պայմանագիրը: Գործող կարգավորումները չեն սահմանում, թե գործատուն ում կարող է նախապատվություն տալ:

«Դա ենթադրում է, որ գործատուն ում ցանկանա, նրան էլ կարող է ազատել, եթե տեղի է ունենում հաստիքների կրճատում: Մենք նախատեսում ենք օրենսդրական փոփոխություն, որով նախատեսում ենք, որ  զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձինք ու առաջին խումբ հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքի անդամներն ունենան երաշխիքներ: Այսինքն՝ հաստիքների կրճատման պարագայում նրանք առավելություն կունենան մյուսների նկատմամբ»,-ասաց Ժորա Սարգսյանը:

Նախագիծը լրամշակված տարբերակով ներկայում դրված է հանրային քննարկման: Կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո, այն կներկայացվի ԱԺ-ում:

  • Կիսվել: