շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Արմավիրի մարզում եւս մեկ արեւային կայան կկառուցվի, որը կարտադրի տարեկան 5.6 մլն կՎՏժ էլեկտրաէներգիա

Արմավիրի մարզում եւս մեկ արեւային կայան կկառուցվի, որը կարտադրի տարեկան 5.6 մլն կՎՏժ էլեկտրաէներգիա

Կառավարությունն իր այսօրվա նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՅՈՒՆԻՔՈ» ՍՊԸ-ին: Այս ընկերության կողմից ներմուծվող սարքավորումներով նախատեսվում է տեղադրել և շահագործել 3 ՄՎՏ հզորությամբ արևային կայան, արտադրված էլեկտրական էներգիան վաճառելով ազատ շուկայում։

Ընկերությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ ստացել է էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա՝ 3 ՄՎՏ հզորության համար։

Ըստ գնահատականների, արևային կայանը հնարավորություն կտա արտադրելու տարեկան շուրջ 5.623 մլն կՎՏժ էլեկտրաէներգիա:

Այն էական ազդեցություն կունենա արտադրական ողջ պրոցեսի արդյունավետության և արտադրողականության վրա, ի վերջո իր դրական ազդեցությունը կունենա հնարավորություն ընձեռնելով տարբեր ընկերություններին և անհատներին ձեռք բերել մատչելի էլեկտրաէներգիա։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Արմավիրի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին։

Արդեն իսկ իրականացվել է 310 մլն դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակներում ներդրումների ծավալը արևային կայանի մասով կազմում է շուրջ 460 մլն դրամ, որից շուրջ 340 մլն դրամը նախատեսվում է սարքավորումների և նյութերի ձեռքբերման, իսկ շուրջ 96 մլն դրամ այն տեղակայելու հետ կապված շինմոնտաժային աշխատանքների համար, ինչպես նաև 24 մլն դրամ խորհրդատվության համար։

Ներկայումս առկա է 3 աշխատատեղ՝ 97 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2025 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 5-ի՝ 106 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

 

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 79․2 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 5․2 մլն դրամ:

  • Կիսվել: