Արդեն մրցույթ է հայտարարվել Ախուրիկի և Երասխի երկաթուղային հատվածների նախագծման համար․ Խուդաթյան
Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող երկաթուղային ցանցի զարգացումը իշխանությունների առանցքային առաջնահերթություններից է։ Այս մասին հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նրա խոսքով՝ ենթակառուցվածքների արդիականացման նպատակով արդեն իսկ մրցույթ է հայտարարվել Ախուրիկի և Երասխի հատվածների նախագծման համար։
«Մրցույթի ավարտից և նախագծային փաստաթղթերի պատրաստումից հետո կհայտարարվի նաև շինարարական աշխատանքների մրցույթը։ Մեր ծրագիրն է՝ արդիականացնել երկաթուղիները և դրանք կապել այլ երկրների երկաթուղային ցանցերի հետ»,- նշել է նախարարը։
Անդրադառնալով այս ուղղությամբ ռուսական կողմի հետ հնարավոր պայմանավորվածությունների մասին հարցին՝ Խուդաթյանը հայտարարել է, որ այս պահին աշխատանքներն իրականացվում են ռուս գործընկերների հետ գործող համաձայնագրերի շրջանակներում։



