Արարատի մարզի Հնաբերդ գյուղում հին դպրոցի շենքում մանկապարտեզ կտեղակայվի. Ծախսերը կհոգա համայնքը
Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց Արտաշատ համայնքի Հնաբերդ գյուղի Նարեկացի փողոց 22 հասցեում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 410,9 քմ մակերեսով դպրոցի հին շենքը և դրա սպասարկման և օգտագործման համար հատկացված 0.25 հեկտար մակերեսով հողամասը նվիրաբերել Արտաշատ համայնքին՝ համայնքում երիտասարդական և մանկական կենտրոն ստեղծելու նպատակով, որտեղ կգործեն մարզական խմբեր, ինչպես նաև առկա պարի խումբը։
Ներկայումս Արտաշատ համայնքի Հնաբերդ բնակավայրի մշակույթի տանը արդեն իսկ գործում են մարզական և պարի խմբակներ։ Նախադպրոցական ուսումնական հաստատության բացակայությունը խոչընդոտում է բնակավայրում բնակվող 0-6 տարիքի և 69 երեխաների նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունը։
Այժմ դիտարկվում է Հնաբերդ բնակավայրի բնակիչներին հասանելի դարձնել նախադպրոցական կրթությունը։
Դպրոցի հին շենքը Արտաշատ համայնքին նվիրաբերելու դեպքում (մանկապարտեզ տեղակայելու համար) շենքի վերանորոգումը, արդիականացումը, վերականգնումը և հետագա շահագործումը ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնի, քանի որ Արտաշատ համայնքը մտադիր է այն իրականացնել իր միջոցների և ծախսերի հաշվին։