Առաջին հարվածը գալու է գյուղատնտեսության վրա, երկրորդը՝ տեքստիլի վրա․ Արթուր Խաչատրյանը՝ թուրքական ներդրումների մասին
Այսօր կառավարությունը որևէ բան չի անում, որպեսզի Հայաստանի տնտեսությունը պաշտպանի թուրքական էքսպանսիայից, առաջին հարվածը գալու է գյուղատնտեսության վրա, երկրորդը՝ տեքստիլի վրա։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13–ին, Աժ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ նկատելով, որ սրանք այն ոլորտներն են, որոնք մեծապես սոցիալական նշանակություն ունեն։
«Ես կարող եմ ձեզ ներկայացնել էկոնոմիկայի նախարարությանը իմ ուղարկած հարցումը և իմ պատասխանը, թե ինչ ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա 2021–ին թուրքական ապրանքների վրա ամբողջական էմբարգոն։ Մարդիկ հիմնավորել են, թե տնտեսությունը ինչքանով է դրանից դրական ազդակ ստացել, տեղական արտադրության զարգացում, ներմուծման փոխարինում տեղականի հաշվին, սեփական արտադրության ավելացում։ Այնպես որ ես կարծում եմ, որ էկոնոմիկայի նախարարությունը ճիշտ կլինի, որ հաշվարկ ներկայացնի։ Ես 2013–ին եղել եմ փորձագիտական խմբի անդամ և երբ Հայաստանը պատրաստում էր ԵՄ–ի հետ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիր կնքել, դա Հայաստանի վրա ի՞նչ ազդեցություն կունենա։ Նման հաշվարկ այսօր կառավարությունը չի ներկայացնում, որովհետև իրենք էլ են հասկանում, թե դա ինչով է հղի»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ Գևորգ Պապոյանն ասել է, որ այսպես թե այնպես թուրքական բրենդները այստեղ կան, այսինքն որևէ խնդիր չի լինելու, Խաչատրյանն արձագանքեց. «Դա նույնն է, որ ասես՝ դե միևնույն է թմրամոլությունը կա, այն օրինականացնենք, պրծենք, թեթևից սկսած մինչև ամենածանր օգտագործում են»։


