ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Առաջարկվում է վերանայել տրանսպորտային միջոցների բնապահպանական հարկի դրույքաչափերը. նախագիծ

Առաջարկվում է վերանայել տրանսպորտային միջոցների բնապահպանական հարկի դրույքաչափերը. նախագիծ

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին» հարցը:

Հիմնական զեկուցող, ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանի խոսքով՝ նախագծով առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է սահմանել այն ԱԱՀ-ի հաշվարկման առանձնահատկություններ թեթև մարդատար մեքենաների ձեռքբերման արժեքից ցածր գնով վաճառքների դեպքում, սահմանել համախառն եկամտի հաշվարկման առանձնահատկություններ նույն՝ թեթև մարդատար մեքենաների մասով և փոփոխության ենթարկել ներմուծման ժամանակ տրանսպորտային միջոցների գծով հաշվարկվող բնապահպանական հարկի դրույքաչափերը:

Ներկայիս իրավակարգավորումներով՝ հարկ վճարողները հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարում ԱԱՀ, եթե Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների վաճառքի գործարքից առաջացած ԱԱՀ-ն ավելի մեծ է, քան այդ ապրանքի ձեռքբերման (այդ թվում` ներմուծման) համար վճարված ԱԱՀ-ն:

Բանն այն է, որ նման կարգավորման պարագայում տրանսպորտային միջոցների առևտրով զբաղվող սուբյեկտներին հնարավորություն է ընձեռվում հետ ստանալու ԱԱՀ-ի գծով առաջացող բացասական տարբերության գումարը:

Հարկ է նշել, որ մինչև 5 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար բնապահպանական հարկ չի հաշվարկվում, 5 տարուց ավելի՝ մինչև 10 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար հաշվարկվում է բնապահպանական հարկ՝ 2% դրույքաչափով, 10 տարուց ավելի՝ մինչև 15 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաների (բացառությամբ 8702 90 809 0 ծածկագրով դասակարգվող տրանսպորտային միջոցների) համար՝ 10% դրույքաչափով, իսկ 15 տարուց ավելի թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաների համար՝ 20% դրույքաչափով:

Վերը նկարագրված միջակայքերը և դրույքաչափերը նախատեսվում է վերանայել, քանի որ ակնհայտ է, որ շրջակա միջավայրին ավելի փոքր չափով, սակայն վնաս պատճառում են նաև մինչև 5 տարեկան տրանսպորտային միջոցները, ինչը առավել ընդգծված է վթարված ավտոմեքենաների պարագայում:

Նախագծով առաջարկվում է վերանայել ընդհանուր հարկման համակարգում գործունեություն իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների գծով ԱԱՀ-ի հարկման բազայի նվազեցմանը նպաստող կարգավորումները, կանխարգելել օտարվող տրանսպորտային միջոցների գծով եկամտի թերհայտարարագրումը, ինչպես նաև վերանայել տրանսպորտային միջոցների բնապահպանական հարկի դրույքաչափերը:

Ըստ Թամազյանի՝ նախատեսվում է, որ կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2023 թվականի դեկտեմբերի 1-ից, իսկ բնապահպանական հարկի դրույքաչափերի փոփոխության մասը՝ 6 ամիս հետո:

ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց ուղղեց ՊԵԿ նախագահի տեղակալին՝ ո՞րն է տրամաբանությունը՝ արդյոք մենք կասկածնե՞ր ունենք, որ մեքենաների գները ճիշտ չեն նշվում, թե՞ նախագծով այլ խնդիր է լուծվում:

Թամազյանի խոսքով՝ ռիսկն այն է, որ մեքենաները սովորաբար կիրառվող արժեքներից ցածր արժեքներով են ձևակերպվում: 

Հարակից զեկուցող, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Առուշանյանը տեղեկացրեց՝ նախագիծը դրական եզրակացություն է ստացել, խնդրեց կողմ քվեարկել նախագծին:

  • Կիսվել: