«ԱՆԻՖ»-ի նման ֆոնդեր մեզ պետք չեն. Գեւորգ Պապոյան
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կարծում է, որ «Անիֆ»-ի նման ֆոնդեր պետք չեն:
«Եթե այդտեղ կան չարաշահումներ, անպայման մեղավորները պետք է կրեն պատասխանատվություն, այդտեղ հարց չկա»,-կառավարության նիստից հետո լրագրողնմերի հետ զրույցում ասաց նախարարը:
«Քաղաքական տեսանկյունից, թե ինչպիսին է էկոնոմիկայի նախարարը տեսնում համակարգը եւ արդյոք մեզ այդպիսի ֆոնդեր պետք են, թե ոչ: Ոչ, կարծում եմ՝ այդպիսի ֆոնդեր մեզ պետք չեն: Կարծում եմ՝ մենք պետք է աջակցենք տարբեր գործիքակազմերով տարբեր ոլորտների: Այս քաղաքականություններն ավելի արդյունավետ է, քան այն քաղաքականությունները, որտեղ պետությունը որոշակի մասնաբաժին է ունենում, որոշակի ներդրումներ է իրականացնում եւ ուղղակի մասնակցություն է ունենում»,-ասաց Պապոյանը:
Հարցին՝ իրենց քաղաքական թիմն արդյո՞ք սխալ որոշում է կայացրել այդ ֆոնդը ստեղծելով՝ Պապոյանը պատասխանեց. «Ո՛չ, սխալ չի: Պետք է նշել, որ ամեն մի որոշում տվյալ ժամանակահատվածի համար է ճիշտ: կոնկրետ «Ֆլայ Առնայի» մասով վարչապետը պարզաբանեց: Այն ժամանակ, որ ոչ մի օդանավ Հայաստանից չէր թռչում ու ոչ մի օդանավ Հայաստան չէր գալիս, դա շատ խիստ անհրաժեշտություն է եղել, եւ կառավարությունն այդ քայլն արել է»:
Իսկ թե արդյո՞ք «Անիֆ»-ում չարաշահումների մասին ուսումնասիրություններ կան՝ Պապոյանն ասաց, որ տեղյակ չէ. «Դուք հիմա հարցեր եք տալիս, որոնք իմ տիրույթում չեն, իրավապահ համակարգին դիմեք»: