շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Անգամ պարոն Փաշինյանի թիկնապահները չգիտեն՝ մի ժամից հեծանիվով ուր են գնալու, ի՞նչ կանխատեսելիություն. Խամոյան

Անգամ պարոն Փաշինյանի թիկնապահները չգիտեն՝ մի ժամից հեծանիվով ուր են գնալու, ի՞նչ կանխատեսելիություն. Խամոյան

Իմ հարցը ձեր ելույթի ազատ ոճով շարադրություն հիշեցնող հատվածին է վերաբերում: Այս մասին, այսօր ԱԺ-ում 2025-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին:

«Դուք ասում եք, որ հարկ վճարողը հերոս է եւ պետք է վերագնահատենք հերոսության մասին մեր պատկերացումները: Ի՞նչ է նշանակում դա:  Մարդը փող է աշխատում, եկամուտ է ստանում, դրա մի մասից էլ հարկ է վճարում: Դուք ե՞րբ հասկացաք, որ տաքուկ աշխատասենյակում նստած, եկամուտ ստացող, դրա մի մասից էլ հարկ վճարող քաղաքացին եւ սահմանին շոգին, սառնամանիքին կանգնող զինվորը նույն հերոսներն են»,-ասաց նա:

Նախարարը պատասխանեց. «Հիմա ազատ շարադրության ոճի մեջ պետք է պատասխանեմ: Ես կարծում եմ՝ հերոսությունը կապված է անձնազոհության հետ: Տաք սենյակում նստելը չի նշանակում անձնազոհություն չունենալ: Սահմանին լինելը չի միայն անձնազոհությունը: Ես ոչ թե ասում էի՝ հերոս են, այլ հռետորական հարց էի տալիս, թե արդյո՞ք այս մարդիկ հերոս են, թե ոչ, որովհետեւ նրանց գործողությունների մեջ կարող ենք տեսնել անձնազոհություն տարրեր: Ոչ մի տեղ սահմանված չէ, թե հերոսները ովքեր են, դա անձնական մոտեցման հարց է»:

Ագնեսա Խամոյանյն էլ հիշեցրեց, որ հարկ վճարելը պարտականություն է. «Այստեղ ի՞նչ անձնազոհության մասին է խոսքը: Անձնազոհությունը կամավոր մարտի դաշտ գնալն է: Հարկ վճարողը ոչ թե կենաց է ուզում ձեզնից, այլ ուզում է կանխատեսելի հարկային դաշտ, ուզում է, որ իր վճարած գումարները չմսխվեն, քամուն չտան: Այն տեսակի կանխատեսելիություն է  ուզում,  որն անհնարին է ձեր իշխանությունների պարագայում: նույնիսկ այս դահլիճում նստած վարչապետի անվտանգության աշխատակիցները մեկ ժամվա կանխատեսելիություն չունեն, իրենք չգիտեմ՝ հեծանիվով որտե՞ղ են գնալու»,-ասաց նա:

Ֆինանսների նախարարը հստակեցրեց, որ վատթարացնող բնույթ ունեցող որեւէ հարկային փոփոխություն անելու պարագայում իրենք պետք է նախապես տեղեկացնեն հարկ վճարողներին. «Շատ հաճախ մենք տարիներ առաջ ենք տեղեկացնում, թե ինչպիսի փոփոխություններ են տեղի ունենում մեր հարկային քաղաքականության առումով: Օրինակ, 2-3 տարի շուտ հայտարարել ենք, թե գույքահարկն ինչպես է փոխվելու: մարդիկ 3-4 տարի շուտ իմացել են, թե իրենց կողմից վճարվող եկամտային հարկն ինչպես է նվազելու: Կանխատեսելության խնդիր չկա»,- ընդգծեց վահե Հովհաննիսյանը:

Նա նաեւ անդրադարձավ նաեւ նախորդ հարցին՝ նշելով, որ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատությամբ այս տարի աշխատողների քանակն ավելացել է 42 491-ով:

  • Կիսվել: