հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ամասիայում գորշ արջի հարձակման վերաբերյալ ահազանգ է ստացվել. ՇՄՆ (տեսանյութ)

Ամասիայում գորշ արջի հարձակման վերաբերյալ ահազանգ է ստացվել. ՇՄՆ (տեսանյութ)

Գորշ արջերի կողմից համայնքների բնակիչներին հասցրած վնասների վերաբերյալ ահազանգերը գտնվում են Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում։ Այս մասին ասված է ՇՄՆ տարածած հաղորդագրության մեջ:

Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունը բնապահպանական կազմակերպությունների կողմից ահազանգ է ստացել Շիրակի մարզի Ամասիա համայնքում արջի հարձակումների և քաղաքացիներին ու նրանց տնտեսություններին պատճառած վնասների վերաբերյալ։

«Հիմնախնդիրը լուրջ է, քանի որ իր մեջ կրում է քաղաքացիների առողջությանն ու կյանքին, սոցիալ-տնտեսական վիճակին սպառնացող, ինչպես նաև բնապահպանական կարևոր բաղադրիչներ, այդ իսկ պատճառով գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում։ Խնդրին լուծումներ տալու նպատակով նախարարությունում պարբերաբար շահագրգիռ կողմերի մասնակցությամբ խորհրդակցություններ են հրավիրվում։

Տեղեկացնենք, որ վաղը ահազանգի վերաբերյալ խորհրդակցություն կհրավիրվի համայնքի ներկայացուցիչների, ոստիկանության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մարզային ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հիշեցնենք, նաև, որ գորշ արջը գրանցված է Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» և կենդանուն սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: