«Ահազանգեր ենք ստանում, որ համատարած ՀԴՄ չեն տալիս». վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է շրջանառության հարկի դրույքաչափերի փոփոխությանը։ Նրա խոսքով՝ առք ու վաճառքի գործունեություն ծավալող, շրջանառության հարկ վճարողների 61.7%-ը տարեկան ցույց է տալիս մինչև 10 մլն դրամի շրջանառություն. «10 մլն-ի հաշվարկով ստացվում է, որ օրը մոտ 27.000 դրամի առևտուր են անում մեր սիրելի հայրենակիցները»։
«Տարեկան վճարում են առավելագույնը 500.000 դրամ հարկ։ Մյուս կողմից, շատ է քննարկումը, թե որքանով է սա ճիշտ։ Մենք մի քանի տարի խնդրում ենք մարդկանց ու ասում՝ նաև դրա համար ենք հեղափոխություն արել, որ մեր հարկային պարտավորությունները բոլորս թափանցիկ իրականացնենք»,- ասել է նա՝ հավելելով, որ ահազանգեր են ստանում, որ համատարած ՀԴՄ չեն տալիս։
Ըստ վարչապետի՝ իրենք պատրաստ են բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել, որ մարդիկ օրինական դաշտում հնարավորինս հարմարավետ աշխատեն։
Նա նաև ասել է, որ եթե պարզվի՝ իրենց հաշվարկները սխալ են, չեն զլանա ընդունել սխալը։