ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Աղքատությունը մարդկանց ուղեղից այդքան արագ դուրս չի գալիս. ֆինանսների նախարար

Աղքատությունը մարդկանց ուղեղից այդքան արագ դուրս չի գալիս. ֆինանսների նախարար

Կառավարության 2021-2026 թթ կառավարության ծրագրում գրված է, որ միջինում այդ տարիներին կապահովվի 7 տոկոս ընտեսական աճ, եթե իրադարձությունները ավելի բարենպաստ լինեն, գուցե ավել լինի։ Այս մասին, այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ կառավարությունը իր ծրագրում գրել է, որ տարեկան 7 տոկոս տնտեսական աճ կապահովի, սակայն 2025-ի համար կանխատեսվում է 5,6 տոկոս տնտեսական աճ:

«Ես կարծում եմ, որ 5.6 տոկոս տնտեսական աճը շատ բարձր ցուցանիշ է։ Վերջին 2-3 տարիների ընթացքում բազային աճի պայմաններում՝ հաջորդ տարի 5.6 տոկոս տնտեսական աճի ապահովումը իմ կարծիքով կլինի բավական բարձր ցուցանիշ։ Մենք արդեն ունեցել ենք բարձր ցուցանիշներ։ 2022-2023 թթ-ին ունեցել ենք 7 տոկոսից բարձր աճ»։

Հարցին, թե 2019-ին վարչապետը երկնիշ աճ էր խոստանում՝ նախարարն ասաց, որ 2022-ին երկնիշ ցուցանիշ ունեցել են։ «Բայց ամեն ինչ չէ, որ գտնվում է կառավարության տիրույթում։ Կառավարության հիմնական նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ տնտեսվարողները կկարողանան տնտեսական գործունեություն իրականացնել, ներդրումներ լինեն։ Ես կարծում եմ, որ մենք պետք է ավելի հավակնոտ լինենք»։

Հարցին՝ աղքատությունը դեռ մարդկանց ուղեղում է, թե՞ դուրս է եկել՝ նա պատասխանեց, որ այդքան արագ աղքատությունը դուրս չի գալիս։ «Երկար ժամանակ կրթության, կրթական բարեփոխումների, մեր՝ կրթության նկատմամբ վերաբերմունքի փոփոխությամբ է դա տեղի ունենում»։

  • Կիսվել: