չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ադրբեջանի ագրեսիայից տուժած համայնքներում տնտեսական կյանքը վերաակտիվացնելու ծրագրերի համար աշխատանքներ են տարվում. Քերոբյան

Ադրբեջանի ագրեսիայից տուժած համայնքներում տնտեսական կյանքը վերաակտիվացնելու ծրագրերի համար աշխատանքներ են տարվում. Քերոբյան

Ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով  Հայաստանի որոշ հատվածներում որոշակի խնդիրներ են առաջացել գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում, կառավարությունը ուսումնասիրություններ է կատարում՝ հասկանալու, թե ինչ ծրագրեր պետք է ներդրվեն այդ համայնքներում տնտեսական կյանքը վերաակտիվացնելու համար:

Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով Հայաստանի տնտեսությունը որքան վնաս է կրել՝ նկատի ունենալով, որ վնասվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ և այլն:

«Եթե խոսենք ընդհանուր թվերի մասին, ապա ընդհանուր առևտրաշրջանառությունը սեպտեմբեր ամսին նույնիսկ ավելի է աճել, քան նախորդ ամիսներին  էր աճել: Այս պահին մեր ունեցած տվյալներն ասում են այն մասին, որ մեծ հավանականությամբ մենք սեպտեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում չենք ունենա, կլինի մոտ 19-20 տոկոսի մակարդակում»,-ասաց Քերոբյանը՝ հավելելով, որ հստակ ցուցանիշները կհրապարակվեն միայն  հոկտեմբերի 25-ին:

Սակայն, նախարարն ընդգծեց՝ դա չի նշանակում, թե խնդիրներ չկան:

«Թե Գեղարքունիքի, թե Սյունիքի, և թե Վայոց ձորի մարզերում որոշակի հատվածներ մոտ են պարալիզացված լինելուն: Ես այցելել եմ թե Վարդենիս, Սոթք, թե Ջերմուկ և այլ վայրեր, որպեսզի հասկանանք, թե ինչ ծրագրեր պետք է ներդնենք հիմա, որ կարողանանք վերաակտիվացնել տնտեսական կյանքը: Հիմա ուսումնասիրություններն ընթանում են: Այնուամենայնիվ, մեզ համար ակնհայտ է, որ, եթե ադրբեջանցիները ելման դիրքեր չվերադառնան, ապա խնդիրը բավական բարդանում է»,-ասաց Քերոբյանը:

Տնտեսական վնասը, թեև ամբողջությամբ չի հաշվարկվել, սակայն նախարարը նշեց, որ մի քանի հազար հեկտար հողատարածք չի մշակվի, Ջերմուկում զբոսաշրջային կյանքը կանգնել է: «Բայց ոչ մի բնակավայր չենք կորցրել, և, կարելի է ասել, որ լուրջ մեծ, զգալի աշխատող բիզնես չի կորել: Նույնիսկ Սոթքի հանքավայրը, որը գտնվում է այդ տարածքում, աշխատում է»:

Անդրադառնալով հստակեցնող հարցին՝ այսպիսով ադրբեջանական ագրեսիայի արդյունքում խնդիրներ են առաջացել զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներո՞ւմ, նա դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ դրանց չափն ընդհանուրի մեջ չնչին է:

  • Կիսվել: