շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
4.2 մլրդ գումար վերականգնվել է․ ՊԵԿ նախագահը՝ «Նոր Զովք» սուպերմարկետների հետ կապված գործի վերաբերյալ

4.2 մլրդ գումար վերականգնվել է․ ՊԵԿ նախագահը՝ «Նոր Զովք» սուպերմարկետների հետ կապված գործի վերաբերյալ

Մոտավորապես 4.2 մլրդ գումար վերականգնվել է, և մեր օրենսդրությամբ նախատեսվում է, որ եթե հարկերն ու տույժերը վերականգնում են պետական բյուջե, պետությանը պատճառման վնասը հատուցվում է, քրեական վարույթը ենթակա է կարճման։ Պետությունից վերականգնվել է թաքնված շրջանառությունից առաջացող հարկը՝ տույժերով հանդերձ: Այդ մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով «Նոր Զովքի» գործին:

«Մեր կողմից հայտնաբերվել է շատ կոպիտ հարկային իրավախախտում, ծրագրային միջամտություն: Հույս ունեմ, որ այդպիսի երևույթներ այլևս չեն արձանագրվի»,- ավելացրեց նա:

Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ «Իմ Քայլը» հիմնադրամի բարեգործական ընթրիքին ներկա է եղել նաև «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը, ՊԵԿ նախագահն ասաց. «ՊԵԿ-ի տեսանկյունից որևէ ազդեցություն չի ունենում, թե ինչ միջոցառումների են մասնակցում և ինչպես են մասնակցում այդ միջոցառումներին»:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ընթրիքից հետո այլևս ստուգումներ չե՞ն լինելու «Նոր Զովքում», ՊԵԿ նախագահն ասաց. «Եթե խնդիր տեսնենք, անպայման ստուգում կանենք, և եթե ռիսկերի համակարգն ընտրվի որպես ռիսկային, անպայման նաև հերթական ծրագրային ստուգումը կանենք»:

  • Կիսվել: