2027-ի բյուջեով ԱԺ-ին նախատեսվում է հատկացնել շուրջ 7,6 մլրդ դրամ
ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի նախագծով Ազգային ժողովին իր կանոնադրական գործառույթների պատշաճ իրականացման համար նախատեսվում է հատկացնել շուրջ 7 մլրդ 600 մլն դրամ։ Գալիք տարվա բյուջեի նախագծով օրենսդիր մարմնի ֆինանսական հատկացումներն ու իրականացվելիք միջոցառումները ներկայացնելիս նշել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Համբարյանն ու հավելել, որ միջոցներն ուղղվելու են Ազգային ժողովի գործունեության ապահովմանը, խորհրդարանական գործունեության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև շենքային ու տեխնիկական պայմանների բարելավմանը։
Պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` նոյեմբերի 3-ի համատեղ նիստում շարունակվել են 2027 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ քննարկումները:
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը նշել է, որ ֆինանսական հատկացումներն ունեն 7 հիմնական ուղղություն։ Դրանք են՝
1․ Ազգային ժողովի գործունեության ապահովում, օրենսդրական, վերլուծական և ներկայացուցչական ծառայություններ՝ 6,3 մլրդ դրամ,
2․ ԱԺ աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստում՝ շուրջ 1 մլն դրամ,
3․ ԱԺ դերի բարձրացմանն ուղղված միցոցառումների իրականացում՝ 41 մլն դրամի շրջանակում,
4․ Միջազգային խորհրդարանական կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարներ՝ 136,5 մլն դրամի չափով,
5․ Աջակցություն կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին՝ 717,3 մլն դրամ,
6․ ԱԺ տեխնիկական հագեցվածության բարելավում՝ 262 մլն դրամի շրջանակում,
7․ ԱԺ շենքային պայմանների բարելավում` 111.6 մլն դրամի շրջանակում:
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Համբարյանը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին:



