2026–ի երկրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը ձևավորվել է թիրախից բարձր մակարդակում. Այն կազմել է 4.9%. ԿԲ
2026 թվականի երկրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է ձևավորվել թիրախից բարձր մակարդակում՝ հունիսին կազմելով 5.1%, իսկ 12-ամսյա բնականոն գնաճը՝ 4.9%: Այս մասին հայտնում են ՀՀ Կենտրոնական բանկից։
2026 թվականի երկրորդ եռամսյակում, աշխարհաքաղաքական անորոշության և էներգակիրների բարձր գների պայմաններում համաշխարհային տնտեսությունում պահանջարկը շարունակել է թուլանալ, իսկ դրա հեռանկարը վատթարացել է։
Տնտեսական աճն ԱՄՆ-ում վերջին եռամսյակների ընթացքում որոշակիորեն դանդաղել է, չնայած սպառողական բարձր ակտիվությունը պահպանվում է։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի պետական պարտքի ավելի բարձր ուղեգծի ձևավորման, հետևաբար նաև երկարաժամկետ տոկոսադրույքների բարձր մակարդակներում երկար պահպանման ռիսկերը մնում են առարկայական:
Եվրոգոտում և Ռուսաստանում, չնայած երկրորդ եռամսյակում տնտեսական աճի թույլ վերականգնմանը, կառուցվածքային խնդիրներն աստիճանաբար խորանում են՝ հանգեցնելով նաև աճի միջնաժամկետ հեռանկարի վատթարացմանը։ Զուգահեռաբար, ապրանքահումքային և պարենային ապրանքների գների հեռանկարի շուրջ բարձր անորոշությունը պահպանվում է։
Այս համատեքստում, հաշվի առնելով ընթացիկ բարձր գնաճային միջավայրը և դրա հեռանկարի շուրջ մեծ անորոշությունը, առաջատար երկրների կենտրոնական բանկերի կողմից քաղաքականության գործող տոկոսադրույքների երկար պահպանման կամ դրանց բարձրացման ռիսկերն ավելացել են:



