շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
2025 թ–ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չեն արվի. ՀՀ ֆինանսների նախարար

2025 թ–ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չեն արվի. ՀՀ ֆինանսների նախարար

2025 թին ՀՀ–ում հիփոթեքային վարկերի մարմանն ուղղվող վերադարձվող եկամտահարկը հարկելու ուղղությամբ ՀՀ ֆինանսների նախարարությունը քայլեր չի ձեռնարկի։ Այդ մասին տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
 
Ավելի վաղ հայաստանյան ԶԼՄ–ներում տեղեկություն էր տարածվել, որ կառավարությունում քննարկվում է հիփոթեքային վարկերի մարմանն ուղղվող վերադարձվող եկամտահարկի 20%-ով հարկման հնարավորությունը:
Նախարարը հայտարարեց, որ եկամտահարկի հարկման նախագիծը իրենք ոչ թե դրել էին շրջանառության մեջ, այլ ուղարկել էին գործընկեր կառույցներին` կարծիքներ իմանալու համար։
 
«Ուզում ենք հասկանալ, թե հարկային տարբեր արտոնությունները որքանո՞վ են արդյունավետ։ Եկամտահարկի վերադարձի մեխանիզմը մեծապես ռեգրեսիվ է, քանի որ ստացվում է` ավելի բարձր եկամուտներ ունեցող քաղաքացիներն ավելի շատ են արտոնություններից օգտվում»,– հայտարարեց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` նախարարությունը հիփոթեքային վարկերի տոկոսներից վերադարձված գումարները սկսեց դիտարկել որպես հավելյալ եկամուտ ու որոշեցին այն հարկել, որպեսզի այդ ուղղությամբ պետության ծախսերը մի փոքր ավելի նվազեցնեն։ Հովհաննիսյանը նշեց, որ եկամտահարկի վերադարձի գումարների մասով պետական բյուջեի ծախսերը հասել են 80 մլրդ դրամի։
 
Նա տեղեկացրեց նաև, որ 2024 թ. բյուջետային ծախսերի մեջ արդեն իսկ արտացոլվում են հիփոթեքային վարկերի վերադարձի գումարները, որոնք մինչ այդ զտվում էին ու չէին ներկայացվում։
«Այն, որ այս գումարները բյուջեում չէին երևում, էականորեն խեղաթյուրում էր մեր եկամուտներն ու ծախսերը։ Բոլորը պետք է մեր փաստաթղթից տեսնեն, թե մենք որքան աջակցություն ենք տալիս մարդկանց։ Մյուս տարվա միակ նորամուծությունը կլինի այն, որ 2025 թ. բյուջեում եկամտահարկի վերադարձի գումարները կերևան»,– ընդգծեց Հովհաննիսյանը։
 
 

  • Կիսվել: