2025-ի համեմատությամբ 2026-ին 20 միլիարդ դրամով ավելի գումար կհատկացնի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության համար. Թորոսյան
Հայաստանի կառավարությունը 2026 թվականին 20 միլիարդ դրամով ավել գումար կհատկացնի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության համար, քան հատկացվել էր 2025 թվականին։ Այս մասին հոկտեմբերի 30-ին, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
«55 միլիարդ դրամ կհատկացվի առանձին սոցիալական խմբերի սոցիալական աջակցության համար՝ ճգնաժամերին հակազդելու, արտակարգ իրավիճակների հետևանքները կրճատելու և վերացնելու նպատակով։ Սա 20 միլիարդ դրամով, կամ 57,1%-ով ավելի է, քան նախորդ տարի», – ասել է Թորոսյանը։
Նրա խոսքով՝ այս բյուջեն իր մեջ ներառում է ինչպես բնակապահովման ծրագիր, այնպես էլ ընթացիկ աջակցություն:


