ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
2021 թ. կապիտալ ծախսերի բացարձակ ցուցանիշն աննախադեպ էր երրորդ հանրապետության պատմության մեջ. Փաշինյան

2021 թ. կապիտալ ծախսերի բացարձակ ցուցանիշն աննախադեպ էր երրորդ հանրապետության պատմության մեջ. Փաշինյան

ԱԺ նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ 2021 թվականին կապիտալ ծախսերի աննախադեպ ծավալ է իրականացվել՝ տարեսկզբի պլանավորվածի նկատմամբ 100 տոկոս: 

«2021 թ. կապիտալ ծախսերի բացարձակ ցուցանիշը նույնպես աննախադեպ էր երրորդ հանրապետության պատմության մեջ՝ 217.8 միլիարդ դրամ: Ընդ որում՝ 2021 թվականի կապիտալ ծախսերի մեծությունը շուրջ 24,7 մլրդ դրամով գերազանցել է 2019 թվականի և շուրջ 65,8 մլրդ դրամով 2018 թվականի նույն ցուցանիշը: Կապիտալ ծախսերի ճշտված պլանի նկատմամբ 2021 թվականի 92,3% կատարողականը վերջին չորս տարիների ամենաբարձր ցուցանիշն է. 2020 թվականին այն եղել է 84,9%, 2019 թվականին՝ 73,5 %, իսկ 2018 թվականին 74,0 %»,- ասաց Փաշինյանը:

Որպես արդյունք՝ 2021 թվականի դեկտեմբեր ամսին աշխատատեղերի թվաքանակը կազմել է 659 հազար 471, որը, վարչապետի խոսքով, բացարձակ ռեկորդ է Հայաստանի՝ նախորդող շրջանի ողջ պատմության համար:

«2020 թվականի նույն ամսվա համեմատ աշխատատեղերի աճը կազմել է 6,1%, 2019 թվականի նույն ամսվա համեմատ՝ 4,9%, 2018 թվականի նույն ամսվա համեմատ՝ 12,1%: Էական աճ է արձանագրել միջին և համախառն աշխատավարձը:

Կապիտալ ծախսերի ֆինանսավորման մեծացումն ու արդյունավետության բարձրացումը մենք համարում ենք երկրի առաջ ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման կարևոր գործոններից մեկը, որովհետև այդպիսով բացվում են նոր աշխատատեղեր, բարձրանում են աշխատավարձերը: Նաև սա է պատճառը, որ 2022 թվականի համար Կառավարությունը նախատեսել է շուրջ 350 մլրդ դրամ կապիտալ ծախսեր, ինչը շուրջ 60% կգերազանցի նախորդ տարվա կապիտալ ներդրումների գծով ծախսերը»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ կա քաղաքական որոշում՝ տնտեսական զարգացման որևէ սցենարի դեպքում չկրճատել կապիտալ ծախսերը:

  • Կիսվել: