ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
20-30 օր հետո գյուղատնտեսական ապրանքների գները կնվազեն. փոխնախարար

20-30 օր հետո գյուղատնտեսական ապրանքների գները կնվազեն. փոխնախարար

2021 թվականի հունվարի 1-ից Թուրքիայից Հայաստան որեւէ տեսակի գյուղատնտեսական ապրանք չի ներմուծվում, իսկ Իրանից ներմուծվող ապրանքները մաքսազերծվում են այնպիսի գներով, որ մեր տեղական արտադրությունը չի տուժում եւ ավելի շահեկան վիճակում է: Այս մասին այսօր Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:

Նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդվարդ Անդրեասյանը ասաց, որ ջերմոցատերերը մտահոգություններ ունեն, քանի որ սաստիկ ձմռան հետեւանքով շատ գազ են սպառել, ինչի արդյունքում իրենց բերքի ինքնարժեքը բարձրացել է, եւ առկա է ապրանքի սպառման խնդիր: Ըստ Անդրեասյանի՝ մյուս կողմից Իրանից եւ Թուրքիայից ներմուծվում են լոլիկի եւ պղպեղի էժան խմբաքանակներ: Նա Սիմոնյանից հետաքրքրվեց, թե նախարարությունն ի՞նչ է անում խնդիրը լուծելու համար: 

Փոխնախարարն ասաց, որ տեղական գյուղատնտեսական ապրանքների ինքնարժեքի բարձրացման պատճառը մեծ ծավալի գազասպառումն է, եւ խնդիրն ուսումնասիրվել է ու գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում:

«Ապրանքի գինը բարձրացել է ծախսի տեսանկյունից, բայց ներմուծվող ապրանքը չի կարող լինել ավելի շահավետ: Մենք ունենք համապատասխան գործիքակազմ, որով պաշտպանում ենք տեղական արտադրողին: Այս վիճակը կտեւի 20-30 օր, հետո արդեն գնային փոփոխություններ կլինեն, քանի որ տեղի են ունեցել եղանակային փոփոխություններ»,- նշեց Սիմոնյանը:  

Անդրադառնալով Թուրքիայից ապրանքների ներմուծման արգելքին՝ փոխնախարարն ասաց, որ 2020 թվականի հոկտեմբերի 20-ի որոշումից հետո թուրքական ծագում ունեցող 2350 տեսակի ապրանքների ներմուծումը Հայաստան ավտոմատ արգելափակվել է: Իսկ այս տարվա հունվարից արգելվող ապրանքների թիվն ավելացել է: 

  • Կիսվել: