կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԶՈւ ԳՇ պետը՝ հայկական կողմի դիրքային կորուստների մասին

ԶՈւ ԳՇ պետը՝ հայկական կողմի դիրքային կորուստների մասին

Դիրքային կորուստներ, այո, ունեցել ենք Ներքին Հանդի, Ջերմուկի, Իշխանասարի, Կուտականի ուղղությամբ, իսկ քանակական դիրքային եթե համարում ենք ջոկի դիրք, դասակի հենակետ, վաշտի հենակետ, դրանք տարբեր նշանակության կառույցներ են: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, խոսելով հայկական կողմի դիրքային կորուստների մասին եւ մասնավորապես պատասխանելո հարցին, թե արդյոք մենք ունեցե՞լ ենք 50 դիրքի կորուստ՝ նշեց ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը:

՛՛Տերմինաբանությամբ ասել՝ կոնկրետ այսքան ենք կորցրել, 50 ենք կորցրել, 60, թե 70, հստակ չեմ կարող պատասխանել, եւ չեմ կարող մեկնաբանել, թե անձինք, որոնք ներկայացնում ենք համապատասխան թվեր, ինչ նկատի ունեն՛՛,-պարզաբանեց Ասրյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչ եղավ ադրբեջանական խմբի ճակատագիրը, որը, ըստ ԳՇ պետի գտնվում էին ՀՀ տարածքում, շրջափակման մեջ՝ ասրյանն ասաց, որ սեպտեմբերի 16-ից անցել է շուրջ 1,5 ամիս, եւ նկարագրել ամբողջ 1,5 ամսվա զինված ուժերի գործունեությունը՝ կտեւի 3-4 ժամ:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Տարբեր ուղղություններով եղել են հակառակորդի մի շարք խմբեր: Մենք ունեցել ենք ոչ գծագրվող, անհամաչափ առաջնագիծ, որովհետեւ գործողության արդյունքում առաջանում են եւ հակառակորդի մխրճումներ որոշ ուղղություններում, եւ մեր ստորաբաժանումները, որոնք գտնվում են համապատասխան ուղղություններում հակառակորդի շփման գծից առաջ, եւ դիրքային համապատասխան փոխհրաձգությունների արդյունքում հակառակորդի մխրճված ստորաբաժանումները հետ են քաշվել եւ կրել են կորուստներ՛՛:

Խոսելով այն մասին, թե ինչու հայկական կողմը չի գերեվարել այդ խմբին՝ Ասրյանը պատասխանեց. ՛՛Հակառակորդին գերեվարելու համար պետք է նրան ընդհուպ մոտենալ, եւ մեր զինծառայողների կյանքին վտանգ պատճառել: Մենք դրան չենք գնացել: Ներկա դրությամբ մենք Ջերմուկի ուղղությամբ ունենք գծագրված առաջնագիծ, որն ապահովում է Ջերմուկ քաղաքի անվտանգությունը:

Ես սեպտեմբերի 16-ից հետո եւս երկու անգամ այցելել եմ Ջերմուկի ուղղություն: Այնտեղ ամեն ինչ համակարգված է, եւ իրադրությունը հարաբերական կայուն է՛՛:

Անդրադառնալով հարցին, թե առաջվա պես հակառակորդի դիրքերը 4,5 կմ հեռավորության վրա՞ են, ԳՇ պետն ասաց. ՛՛Ընդհանուր հեռավորությունը փոխաբերական իմաստ ունի, որովհետեւ 4,5 կմ Ջերմուկն ունի գծագրում ձորով երկարաձգված, եւ այդ 4,5 կմ-ն նշվում է հենց Ջերմուկի հյուսիս-արեւելյան վերջնամասից: Եթե Ջերմուկի կենտրոնից եք հաշվում, ապա դա մոտ 5,5-6 կմ հեռավորության վրա է՛՛:

  • Կիսվել: