շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Զորամասը լքած զինվորը վերադարձել է ծառայության. նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)

Զորամասը լքած զինվորը վերադարձել է ծառայության. նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)

Վլե Ֆերոյանը, որ 2022 թվականի հունվարի 31-ին զորակոչվել էր բանակ ու մեկ օր անց ինքնակամ լքել զորամասը, հիմա կրկին ծառայության մեջ է։ Փետրվարի սկզբին էին զինվորի հարազատներն ահազանգել, որ տղան զորամասից անհետացել է և որևէ տեղեկություն չունեն։ Նա զորակոչվելու հենց հաջորդ օրը զանգահարել էր տուն ու ասել, որ իրեն ճնշում են, ծեծում, ստիպում սանհանգույց մաքրել։ Վլեն ծառայում էր Կապանի N զորամասում։ Փախուստից մեկ օր անց նորակոչիկի տատը՝ Ռուզաննա Ֆերոյանը, գտել է թոռանը, հանձնել ռազմական ոստիկանություն։

Նա Factor TV-ին հայտնեց, որ ռազմական ոստիկանությունում որոշ ժամանակ մնալուց հետո Վլե Ֆերոյանը վերադարձել է ծառայության, սակայն Մեղրրի N զորամասում։ Վլեի հարազատներն ասում են, որ բացի իրենց թոռանից՝ զորամասում ազգությամբ եզդի մեկ այլ զինծառայողի նկատմամբ էլ է բռնություն գործադրվել։ Հենց այդ զինվորն էլ ծնողներին պատմել է միջադեպի մասին։ «Եզդի զինվորը զանգել է ծնողներին, ասել, որ իրեն ու Վլեին ծեծել են։ Դրանից հետո Վլեն անհետացել է»,- ասում է Ռուզաննա Ֆերոյանը։

Զինվորի հարազատները դրանից հետո հավաքվել էին Պաշտպանության նախարարության շենքի դիմաց, բարձրաձայնել, որ Վլեն Կապանի N զորամասից անհետացել է և դիմում գրել, որպեսզի գտնեն նրան։ Ուսումնական մարտկոցի հրամանատար Արմեն Ավագյանը, որը, տատի խոսքով, ճնշում է գործադրել և հարվածել թոռանը, օրերս ավելի բարձր կոչում է ստացել՝ ասում է Ռուզաննա Ֆերոյանը։ Ըստ նրա՝ սպան հանդիպել է տղայի ծնողներին և խոստովանել, որ զորակոչիկին մեկ անգամ հարվածել է, իր ձևակերպմամբ՝ որպես ծնող, և ներողություն խնդրել։

Վլեի պաշտպան Սամսոն Գալստյանը մեզ փոխանցեց, որ այս հանգամանքները պարզելու համար դեռ նախաքննություն է ընթանում, ռազմական ոստիկանության Կապանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Որ այս ճնշումների հիմքում կարող է տղաների ազգային պատկանելությունը լինել, «Եզդիների տուն» ազգային շարժման ղեկավար Այսեր Իսայանը բացառում է, բայց և ընդգծում՝ ուսումնական մարտկոցի հրամանատարի պահվածքն անվայել է․ «Այս պահի դրությամբ՝ ես չեմ ուզում դա դիտարկել որպես ազգային խտրականություն և պահանջում եմ, որ ոչ մեկը դրան գնահատական չտա որպես ազգային խտրականության դեպք»։ Իսայանն ասում է՝ Վլեի ավագ եղբայրը՝ Ջամալը, Կապանի նույն զորամասում է ծառայել, և նույն սպան խնդիրներ ունեցել է նաև նրա հետ։ Պաշտպանական գերատեսչությունից փորձեցինք այս առնչությամբ մանրամասներ իմանալ, ասացին, որ գրավոր դիմենք։ Քննչական կոմիտեից էլ մեզ հայտնեցին, որ Վլե Ֆերոյանին առնչվող դեպքի առթիվ փետրվարի 11-ին քրեական գործ է հարուցվել, կազմվել է քննչական խումբ:

Զինծառայողի նախկին հրամանատարին միանգամից մի քանի հոդվածներով մեղադրանք է առաջադրվել՝ հոդված 309.1. (խոշտանգում), 358.1 հոդվածով (ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը), 360 հոդվածի 3 մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը), իրականացվում են քննչական գործողություններ:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: