չորեքշաբթի, ապրիլ 14
14 / 4 / 2021
Զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում կկիրառվի․ վաղը կառավարությունը կհաստատի որոշումը

Զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում կկիրառվի․ վաղը կառավարությունը կհաստատի որոշումը

Մշակվել է «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, որը կներկայացվի ապրիլի 8-ի կառավարության նիստում։

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է համաներում հայտարարել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից և (կամ) զորահավաքային զորակոչից խուսափած և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ:

Մասնավորապես՝ նախագծով առաջարկվում է՝

1) համաներում հայտարարելով՝ պատժից ազատել այն անձանց`
ա. որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված պատժի.
բ. որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է.
գ. որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի:

2) համաներում հայտարարելով՝ դադարեցնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունը:

Միաժամանակ հարկ է նշել, որ նախագծով նախատեսվել են նաև այն պայմանները, որոնց առկայության դեպքում համաներում չի կիրառվում:

Հատկանշական է, որ նախագծում նախատեսվել է դրույթ առ այն, որ համաներումը կիրառվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող այն անձանց նկատմամբ, որոնք մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան։

 

  • Կիսվել: