ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության բոլոր օղակները բերվել են մարտական պատրաստականության աստիճանի (լուսանկարներ)

ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության բոլոր օղակները բերվել են մարտական պատրաստականության աստիճանի (լուսանկարներ)

Արցախի Հանրապետության սահմաններում ծավալված պատերազմական գործողությունների առաջին օրվանից զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության բոլոր օղակները բերվել են մարտական պատրաստականության աստիճանի, համալրվել նախատեսված բժշկական անձնակազմով:

Ռազմական դրության պայմաններում մեծածավալ աշխատանք է կատարում ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բուժանձնակազմը:

Հոսպիտալ են ընդունվում տարբեր աստիճանի վիրավորում ստացած զինծառայողներ, կատարվում են տեսակավորման և արագ գործիքային հետազոտության աշխատանքներ, որից հետո վիրավոր զինծառայողները տեղավորվում են համապատասխան բաժանմունքներում, անհրաժեշտության դեպքում՝ անմիջապես տեղափոխվում վիրահատարան: Հոսպիտալում բուժվողների հարազատներն իրազեկվում են զինծառայողների ստացած վնասվածքների, բուժման ընթացքի և արդյունքների մասին:

Առաջնագծում վիրավորներին ցուցաբերված առաջին մասնագիտացված բուժօգնությունը նոււյնպես արդյունավետ է իրականացվում և հաճախ կրկնակի վիրաբուժական միջամտության կարիք չի լինում:

Վիրավոր զինծառայողներից շատերն արդեն իսկ վերականգնման փուլում են և շուտով կվերադառնան ծառայության վայրեր: Նրանց հետ աշխատում են նաև հոգեբանները, որոնք արձանագրում են, որ զինծառայողների մարտական ոգին բարձր է. հայրենիքի պաշտպանները ձգտում են առաջին իսկ հնարավորության դեպքում կրկին մեկնել առաջնագիծ՝ կանգնելու իրենց մարտական ընկերների կողքին:

Մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողների ապաքինման գործում անգնահատելի դերակատարում են ստանձնել նաև քաղաքացիական հիվանդանոցները, որոնք օրվա ցանկացած ժամի պատրաստ են ընդունել վիրավորներին և ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն:

  • Կիսվել: