հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Զինված ուժերում ՄԻՊ-ը դրական արդյունքներ է արձանագրել

Զինված ուժերում ՄԻՊ-ը դրական արդյունքներ է արձանագրել

ՄԻՊ-ը զինված ուժերում իրավունքների պաշտպանության առումով դրական արդյունքներ է արձանագրել:

«Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պետք է ողջունելի համարել Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի գործունեությունը, որը ներառում է նաև Պաշտպանության նախարարության թեժ գծի աշխատանքի համակարգումը»,- նշված է ՄԻՊ տարեկան հաղորդման մեջ:

Փաստաթղթում արձանագրված է, որ 2019 թվականին Պաշտպանության նախարարության հրավերով ՄԻՊ աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի ներկայացուցիչները մասնակցել են կառավարության մի քանի որոշումների նախագծերի վերաբերյալ արդյունավետ քննարկումների:

«Դրական արդյունքներ է տվել նաև պետական մյուս կառույցների հետ համագործակցությունը՝ հատկապես զորակոչերի ընթացքում»,- ընդգծել է ՄԻՊ-ը:

Սակայն դրականի հետ մեկտեղ,  ըստ ՄԻՊ-ի, կան հարցեր, որոնք շարունակում են մնալ չլուծված:

«Խոսքը մեծապես վերաբերում է Պաշտպանի նախորդ զեկույցներում կամ իրավունքների ու ազատությունների խախտում արձանագրող Պաշտպանի որոշումներում տեղ գտած առանձին առաջարկությունների չկատարմանը: Սա խնդրահարույց է, երբ խոսքը ոչ թե համակարգային խնդիր վերհանող առաջարկությունների կատարման, այլ պարզ կարգավորում ենթադրող խնդիրների լուծման մասին է: Օրինակ՝ 2017 և 2018 թվականի տարեկան հաղորդումներում առաջարկվել էր զինծառայողների կողմից իրավախախտում կատարելու մասին Մարդու իրավունքների պաշտպանի գրավոր հաղորդումը կամ դիմումը նախատեսել՝ որպես ծառայողական քննության անցկացնելու հիմք: Այս առաջարկությունն ընդամենը ենթադրում է Պաշտպանության նախարարի հրամանում լրացում: Չնայած առաջարկի վերաբերյալ Պաշտպանության նախարարության միանշանակ դրական արձագանքին՝ հրամանում լրացումը դեռևս արված չէ»,- արձանագրված է ՄԻՊ զեկույցում:

  • Կիսվել: