ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Զինծառայության անցնող կանանց համար նոր և թարմ ենթակառուցվածքներ կլինեն, նոր էջ է իրենց համար․ Նիկոլ Փաշինյան

Զինծառայության անցնող կանանց համար նոր և թարմ ենթակառուցվածքներ կլինեն, նոր էջ է իրենց համար․ Նիկոլ Փաշինյան

 Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ, որի ընդունման դեպքում իգական սեռի ներկայացուցիչները կամավորության սկզբունքով կարող են 6 ամսով զինվորական ծառայության անցնել Զինված ուժերում:

Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: «Նախագիծն արդեն շրջանառված է, բոլորը կարող են ծանոթանալ դրան: Ամեն ինչ կանենք, որ ձմեռային զորակոչին հասցնենք, որովհետև դժվարանում եմ ասել՝  կկարողանա՞նք ամառային զորակոչից առաջ հասցնել ենթակառուցվածքների առումով: Ամեն ինչ կախված է մեր արագությունից»,- ասաց Պապիկյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրախությամբ նշեց, որ մտնում են ևս մեկ կարևոր բարեփոխում իրականացնելու գործնական փուլ: «Մենք հնարավորություն ենք տալու, որպեսզի կանայք կամավորության հիմունքներով 6-ամսյա ժամկետային զինծառայություն անցնեն, որից հետո կարող են «Պաշտպան հայրենյաց» ծրագրի տրամաբանությամբ անցնել ավելի երկարաժամկետ զինվորական ծառայության»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, որ խնդիր են դրել, որ կանանց համար հնարավորինս նոր կամ շատ թարմ ենթակառուցվածքներ լինեն: «Նոր էջ է, և մենք պետք է նոր բովանդակությամբ և թարմությամբ այդ պրոցեսը սկսենք»,- ասաց Փաշինյանը: 

 

 

 

  • Կիսվել: