հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Զինծառայողների հետ որոշ դեպքերում հոգեբանական աշխատանք է տարվում. փոխնախարարը` բանակում ինքնասպանության դեպքերի բացառման մասին

Զինծառայողների հետ որոշ դեպքերում հոգեբանական աշխատանք է տարվում. փոխնախարարը` բանակում ինքնասպանության դեպքերի բացառման մասին

 

Որևէ բանակում հնարավոր չէ նման դեպքերից խուսափել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը` անդրադառնալով բանակում ինքնասպանության դեպքերին:

«Իհարկե, կատարյալ կլիներ, եթե բանակում ինքնասպանությունների կամ ինքնասպանությունների հասցնելու դեպքեր ընդհանրապես չլինեին: Բայց որևէ բանակում հնարավոր չէ նման դեպքերից խուսափել: Զինված մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումներում ամբողջովին ապահովագրել նման դեպքերից, ցավոք, հնարավոր չէ: Իհարկե դա արձանագրում եմ, որպես թերություն»,-մեկնաբանեց Բալայանը:

Հարցին` վստահություն ունե՞ք, որ բոլոր այն դեպքերը, որոնք որակվում են որպես ինքնասպանություն, իսկապես ինքնասպանություն են, չէ՞ որ բազմաթիվ են դեպքերը, երբ մարմնական բազմաթիվ վնասվածքով զինծառայողի մահվան դեպքում էլի գործ է հարուցվում որպես ինքնասպանություն: Գաբրիել Բալայանն արձագանքեց. «Իսկ արդյոք կարելի՞ է բացառել, որ օրինակ, որոշ ծեծկռտուք է եղել, զինծառայողը մարմնական վնասվածքներ է ստացել, այնուհետ ինքնասպանություն է գործել` այդ ֆիզիկական բռնությունից ելնելով: Ինձ հասած տեղությունների մասով բացառում եմ նման դեպքերը, բայց չեմ ուզում որևէ այլ մեկնաբանություն անել»:

Ինչ վերաբերում է նման դեպքերից խուսափելու ուղղությամբ տարվող աշխատանքներին, փոխնախարարն ասաց. «Հիմա չեմ ուզում ասել, թե քանի նման դեպք է կանխվում, բայց բանակում, երբ որևէ զինծառայողի կողմից նկատվում է ոչ նորմալ հոգեբանական վիճակ, այդ զինծառայողը մարտական հերթապահությունից հանվում է, նրա հետ հոգեբանական աշխատանք է տարվում: Երբ նկատվում են որևէ հոգեբանական շեղումներ, այդ դեպքում զինծառայողն ընդհանրապես զենքի հետ առնչվելու հնարավորությունից զրկվում է»:

 

 

 

 

  • Կիսվել: