ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Զինծառայողների ատեստավորման թեստը բաղկացած կլինի 50 հարցից, կատեստավորվեն առնվազն 35-ին ճիշտ պատասխանած և գործնական առաջադրանքից լավ գնահատական ստացածները

Զինծառայողների ատեստավորման թեստը բաղկացած կլինի 50 հարցից, կատեստավորվեն առնվազն 35-ին ճիշտ պատասխանած և գործնական առաջադրանքից լավ գնահատական ստացածները

Կառավարությունը սահմանել է Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կարգը և մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում կատարված փոփոխությունների և լրացումների համաձայն սահմանվել է մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների ատեստավորման նոր համակարգ, որի արդյունքներով պայմանավորված զինծառայողներին կհաշվարկվի հավելավճար: Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանել մարտական խնդիրների և դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը:

 

Դրանք ներառում են համազորային, հատուկ նշանակության, հետախուզական, հրթիռային, հրետանային, հակաօդային պաշտպանության, ռադիացիոն քիմիական պաշտպանության, ռադիոէլեկտրոնային պայքարի, ավիացիոն, անօդաչու թռչող սարքերի, կապի, ինժեներական կամ ռազմատեղագրական մասնագիտական գործունեությունը և այդ գործունեության օպերատիվ, տեխնիկական, թիկունքային կամ բժշկական ապահովմանը, մարտական կամ զորահավաքային կամ բարոյահոգեբանական պատրաստության և զինվորական ծառայության կազմակերպմանն ուղղված գործունեությունը, դրանց անմիջական իրականացման, պլանավորման և վերահսկման գործառույթները: Ատեստավորման կազմակերպման և անցկացման գործընթացում անհրաժեշտություն է առաջացել զինծառայողների գնահատումը նախատեսել չորս ուղղություններով՝ մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության, ֆիզիկական պատրաստության աստիճանի, կրակային պատրաստության աստիճանի և շարային պատրաստության աստիճանի գնահատման միջոցով, հստակեցնել կամավոր հիմունքներով և պարտադիր կարգով ատեստավորմանը մասնակցելու, ատեստավորման կազմակերպման և անցկացման ընթացակարգերը, ատեստավորման գործընթացում կիրառվող ժամկետները, ատեստավորման արդյունքներով զինծառայողների գնահատման պայմանները:

 

Կառավարությունը սահմանել է նաև Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը և վճարման կարգը:

 

Մեկ այլ որոշմամբ էլ՝  Շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների կողմից պայմանագրային զինվորական ծառայության անցնելու և պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցած շարքային և սպայական կազմերի պայմանագրային զինծառայողներին պայմանագրի ժամկետը լրանալիս և (կամ) առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելիս պատվովճար հաշվարկելու կարգերը, ինչպես նաև պատվովճարի չափը:

Ինչպես Կառավարության նիստում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ատեստավորումը կիրականացվի  նախարարի հրամանով ստեղծված 5 կենտրոնում և 10 հանձնաժողովների միջոցով: «Ատեստավորումը ներառում է զինծառայողների մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստային և ֆիզիկական, կրակային, շարային պատրաստության աստիճանի գործնական գնահատումը: Թեստային առաջադրանքը բաղկացած է լինելու 50 հարցից, կատեստավորվեն առնվազն 35 հարցին ճիշտ պատասխանած և ֆիզիկական, կրակային, շարային պատրաստությունից յուրաքանչյուրից առնվազն լավ գնահատական ստացած զինծառայողները»,-ասել է նախարարը: Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է նաև, որ  զինծառայողները 3 ամիս ժամանակ կունենան պատրաստվելու դրան և տարին 2 անգամ հնարավորություն կունենան կրկին փորձելու ատեստավորվել: Բարեփոխումները նախատեսվում է իրականացնել 3 տարում: 

  • Կիսվել: