հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Զինծառայողին հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում. գլխավոր դատախազի խորհրդական

Զինծառայողին հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում. գլխավոր դատախազի խորհրդական

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԶՈւ զինծառայողի անհետացման վերաբերյալ:

«2021 թ. մայիսի 18-ին ՀՀ ՊՆ Վարդենիսի ռազմական ոստիկանության բաժինը տեղեկացվել է այն մասին, որ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող տարածքից, ծառայության վայրից բացակայում է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ն.Մ.-ն՝ (ծնված 21.09.2002 թ., զորակոչված 2021 թ.՝ Տավուշի մարզային զինկոմիսարիատից:

Զինծառայողի գտնվելու վայրն այս պահին դեռևս հայտնի չէ։

Ն.Մ.-ին ծառայության վայրում ծեծի ենթարկելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու, պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու մասին որևէ տվյալ այս պահին առկա չէ:

Տվյալներ չկան նաև զինծառայողի՝ հակառակորդի կողմում որևէ ձևով հայտնված լինելու վերաբերյալ: Չնայած տվյալ տարածաշրջանում պետական սահմանի հատվածում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ իրականացվում է ուժեղացված ծառայություն, տվյալ զինծառայողը մայիսի 18-ի դրությամբ չի գտնվել թշնամական ուժերի հետ անմիջական շփման հատվածում: Ամեն դեպքում որոնողական աշխատանքները շարունակվում են:

Փաստի կապակցությամբ ՀՀ ՊՆ Վարդենիսի ՌՈ բաժնում նախապատրաստվում են նյութեր, միջոցներ են ձեռնարկվում ոչ միայն զինծառայողին հայտնաբերելու, այլ նաև դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նկատի ունենալով այս հանգամանքը՝ հորդորում ենք դեպքի կապակցությամբ չճշտված տեղեկություններ հրապարակելուց զերծ մնալ:

Նոր հանգամանքների պարզման պարագայում ՀՀ դատախազությունը պատշաճ կերպով կտեղեկացնի հանրությանը»,- ասված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր. ՛՛Ժամկետային զինծառայողն ինքնակամ թողել է ստորաբաժանման պահպանության տարածքը՛՛:

  • Կիսվել: