կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Զիջելով՝ հակառակորդի ախորժակը չի փակվում. «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ

Զիջելով՝ հակառակորդի ախորժակը չի փակվում. «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ

Բանակը շատ մեծ ուղի է անցել 90-ական թվականներից մինչեւ այսօր, ունեցել ենք հաղթական շրջաններ, ցավոք սրտի, նաեւ պարտություն, բայց չպետք է դրանով կոտրվենք, մենք բոլորս պետք է գիտակցենք, որ ներկա իրավիճակը ցույց է տալիս, որ աղերսելով չես կարող խաղաղության հասնել: Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՛՛Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միություն՛՛ ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք պետք է ուժեղացնենք մեր բանակը, իսկ դրա համար պետք են կտրուկ, գործուն քայլեր, հավատք, համախմբվածություն ժողովրդի, եւ իհարկե, հզոր տնտեսություն: Նաեւ մենք չպետք է մոռանանք մեր բանակի ակունքներում կանգնած հայորդիների, որոնց մի մասը, ինչպես գիտենք, գտնվում է գերության մեջ: Այս հարցը եւս պետք է ժողովրդի ուշադրության կենտրոնում պահենք, չպետք է ասենք, թե այդ մարդիկ արժանի են եղել իրենց սխալների համար, եթե կան սխալներ, ապա մեզ մոտ պետք է պատասխանատվության ենթարկվեն, ոչ թե Բաքվի բանտերում, սա նույնպես համարում եմ հայ ժողովրդի արժանապատվությանը կպնող իրավիճակ՛՛:

Ասրյանը հավելեց, որ իշխանություններն այս հարցերում որեւէ քայլ չեն ձեռնարկում:

Նրա խոսքով՝ Արցախից բռնի տեղահանված ժողովրդի սոցիալական կարիքների ուղղությամբ է քայլեր տեսնում, ինչը նշանակում է ՛՛մտածել ստամոսքսով՛՛:

՛՛Տեսնում ենք՝ ինչ հետեւանքների է բերում, Արցախն ենք կորցրել, բայց էլի ուշքի չենք գալիս, Աստծուց, եկեղեցուց ենք հեռացել, ինչի համար պատժվում ենք: Ես հավատում եմ, որ կունենանք պատշաճ զինված ուժեր, որովհետեւ ուժեղի խոսքն է հարգվում՛՛,-նշեց նա:

Ասրյանը նաեւ ասաց, որ զիջելով՝ հակառակորդի ախորժակը չի փակվում, այլ գնալով մեծանում է:

՛՛Վախենալով եւ պատերազմի վերսկսկմամբ վախեցնելով՝ չգիտեմ ինչ քայլերի են գնում ու ներկա դրությամբ էլի չեն բացառում պատերազմական գործողությունները, այսինքն՝ հիմա ձագերից մեկը՝ Արցախը, տվել ենք, Սյունիքն էլ կտա՞նք, այն մյուս ձագերն էլ կտա՞նք, վերջիվերջո՝ տալով հարց չի լուծվում, սա պետք է բոլորս գիտակցենք, այսպիսի անարժանապատիվ կյանքն ում է պետք, համոզված եմ՝ ոչ մեկի, ուղղակի ժողովրդի ուղեղը տեղափոխել են ստամոքսի շրջան՛՛,-նշեց նա:

  • Կիսվել: