հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Ժամանակ»․ Թուրքիան  ԻԼԻՊ-ի գերեվարված մարտիկներին վերադարձնում է Բաքու․ Հայաստանը պետք է աչալուրջ լինի

«Ժամանակ»․ Թուրքիան ԻԼԻՊ-ի գերեվարված մարտիկներին վերադարձնում է Բաքու․ Հայաստանը պետք է աչալուրջ լինի

«Ժամանակ» թերթը գրում է. «Թուրքիան որոշել է Եվրոպա, Ռուսաստան, Ադրբեջան արտաքսել իր բանտերում պահվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման այն անդամներին, որոնք այդ ուղղություններից են ներթափանցել Սիրիա, իսկ հետո հայտնվել թուրքական գերության մեջ: Ադրբեջանի պարագան այս դեպքում, իհարկե, հատկանշական է: Անկարան, անշուշտ, զինյալներին իրենց երկրներ արտաքսելու որոշումը դիտարկում է քաղաքական գործիքի համատեքստում՝ թե՛ Եվրոպայի, թե՛ Ռուսաստանի, թե՛ որեւէ այլ երկրի հետ հարաբերության համատեքստում: Դա թուրքական ոճն է, կամ գուցե էրդողանյան ոճը, կամ դրանք նույն բանն են:

Ադրբեջանի պարագան այս ֆոնին դառնում է հատկանշական: Ինչո՞ւ է Անկարան իր բանտերից Ադրբեջան արտաքսում «Իսլամական պետության» զինյալներին, որոնք Ադրբեջանից են ներթափանցել Սիրիա եւ կռվել ԻԼԻՊ կազմում մարդկության դեմ: Անկարան այդ քայլին գնում է այսպես ասած՝ հավասարության սկզբունքի համար, որպեսզի մյուսները մատնացույց չանեն Բաքվի հանգամանքը, թե՞ Անկարան խնդիր ունի նաեւ Ադրբեջանի համար եւ որոշակիորեն դժգոհ է Բաքվի որեւէ պահվածքից: Այդ հանգամանքը թերեւս արժանի է հայաստանյան դիտակետից ուշադրության, նկատի ունենալով թե այն պարագան, որ Բաքուն ինչ-որ կերպ գուցե առաջացրել է Անկարայի դժգոհությունը, կամ ինչ-որ առումով Թուրքիան փորձում է տարանջատվել Բաքվից, չնույնանալ նրա հետ, եւ թե այն, որ Անկարայի քայլը գուցե Բաքվին, այսպես ասած, «ահաբեկչական ռեսուրսի» տրամադրում է: Ինչպես «բազմամյա օգտագործման» գործիքներ, որոնք Թուրքիան վերադարձնում է Բաքու որեւէ անհրաժեշտության դեպքում օգտագործելու համար:

  • Կիսվել: