շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Զերծ մնալ հիվանդության սիմուլյացիայի միջոցով զինվորական ծառայությունից խուսափելու վարքագծից. ԱԱԾ-ի հորդորը

Զերծ մնալ հիվանդության սիմուլյացիայի միջոցով զինվորական ծառայությունից խուսափելու վարքագծից. ԱԱԾ-ի հորդորը

Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է անմնացորդ կերպով կատարել հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը, ցուցաբերել զինվորական պարտքի գիտակցված զգացողություն, զերծ մնալ տարատեսակ խարդավանքների, այդ թվում՝ հիվանդության սիմուլյացիայի միջոցով զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց խուսափելու կամ դրան օժանդակելու անթույլատրելի վարքագիծ դրսևորելուց և միաժամանակ խիստ զգուշացնում է, որ հետևողական կերպով շարունակելու է իր լիազորությունների շրջանում ձեռնարկել իրավիճակից բխող անհրաժեշտ միջոցառումներ՝ ռազմական դրության պայմաններում բժշկական կազմակերպությունների ծառայողների կողմից հիվանդությունների ախտորոշման ընթացքում համանման չարաշահումները բացառելու, զինծառայողների համախմբվածության, մարտական պատրաստվածության, զինվորական կարգապահության կամ բանակի մարտունակության վրա բացասաբար ազդեցություն ունեցող անձանց հայտնաբերելու և նրանց նկատմամբ համարժեք քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու ուղղությամբ և հիշեցնում է, որ նկարագրված հանցավոր արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, որի համար որպես պատիժ նախատեսված է հինգից տասը տարի ժամկետով ազատազրկում:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ԱԱԾ-ից հայտնել էին, որ, ըստ ձեռք բերված փաստական տվյալների, զորահավաքային զինծառայող Ա.Ս.-ի հայրը` Ն.Ս.-ն, համոզելու կամ այլ եղանակով դրդել է բժշկական կենտրոնի լաբորատորիայի վարիչին և լաբորանտին՝ տվյալ զինծառայողի անվամբ կազմել կորոնավիրուսի հիվանդության մասին կեղծ բովանդակությամբ փաստաթղթեր։

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում զինծառայողի կողմից ռազմական դրության պայմաններում հիվանդության սիմուլյացիայի եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելու, ինչպես նաև հիշյալ առերևույթ հանցագործությանն օժանդակելու, իրավունք վերապահող կեղծ փաստաթղթեր կազմելու և օգտագործելու կասկածանքներով ձերբակալվել են ինչպես զորահավաքային զինծառայողը,  այնպես էլ՝ հանցագործությանն օժանդակած բժշկական կենտրոնի ծառայողները:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ նույն բժշկական կենտրոնի ծառայողների կողմից նույնաբնույթ այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

 
 

  • Կիսվել: