շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ընդդիմությունը պնդում է՝ հանձնաժողովի փոխնախագահի թեկնածուի վերաառաջադրման պահանջ չկա

Ընդդիմությունը պնդում է՝ հանձնաժողովի փոխնախագահի թեկնածուի վերաառաջադրման պահանջ չկա

ՀՀ ազգային ժողովի ընդդիմությունը պնդում է, որ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածուի վերաառաջադրման՝ օրենքով նախատեսված պահանջ չկա, Արթուր Ղազինյանի թեկնածությունը պահպանվում է:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Ընդդիմադիր երկու խմբակցությունները նոյեմբերի 30-ին հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, մանրամասն գնահատական տվել ստեղծված իրավիճակին: «Արձանագրվել է, որ «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է թեկնածու, որի շուրջ ընդդիմությունը միասնական է: Եվ ոչ օրենքով, ոչ Սահմանադրությամբ որևէ ձևով պարտադրանք չկա, որ խմբակցությունը անընդհատ պետք  վերաառաջադրի: Ավելին՝ այդ հայտարարության մեջ արձանագրել ենք, որ վերաառաջադրման՝ օրենքով նախատեսված պահանջը չկա, հետևաբար այս թեկնածուն պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքական մեծամասնությունն իր դիրքորոշումը չի փոխել»,- ասաց նա:

«Հայաստան» խմբակցության քարտուղարն այդ նույն հայտարարությունն Անդրանիկ Քոչարյանին նաև գրավոր է ուղարկել: Քոչարյանն էլ գրավոր կերպով տեղեկացրել է, որ թեկնածուն պետք է առաջադրվի: Սակայն ընդդիմությունը պնդում է, որ կանոնակարգը չի պահանջում նման բան: Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, որ ընդդիմության կողմից չկա առաջադրված թեկնածու, ըստ Մինասյանի՝ չի համապատասխանում օրենքին:

«Թափուր պաշտոն առաջանալու դեպքում 5 օր հետո պետք է անցկացվի ընտրություն: Այս պաշտոնն ի սկզբանե թափուր է եղել, առաջադրումը եղել է օրենքի շրջանակում, և այդ առաջադրումը չի փոխվել: Ընդդիմությունը հայտարարությամբ վերահաստատել է, որ վերաառաջադրման անհրաժեշտություն չկա, նույն թեկնածուն է»,- ասաց Մինասյանը:

Նա Անդրանիկ Քոչարյանին առաջարկեց մասնագիտական լուրջ թիմ հավաքել և վերլուծել օրենքի դրույթները: Ըստ ընդդիմության՝ իշխանությունը ցանկանում է վերցնել այդ պաշտոնը: «Չեն դիտարկում օրենքի որևէ դրույթ, ապա իրավական դաշտում համարժեք գնահատական կստանան: Սրանից հետո իրենք ինչ անեն, կդիտվի անօրինական գործողություն՝ բացառությամբ մեկ գործողության, որ նորից քվեարկության դնեն Արթուր Ղազինյանի թեկնածությունը»,- ասաց Մինասյանը:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի 

տեղակալ մինչ այս պահը չի ընտրվել, քանի որ «Հայաստան» խմբակցությունը, որին պատկանում էր հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու իրավասությունը, այդ

պաշտոնում անընդհատ առաջադրում էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը, որին իշխող խմբակցության պատգամավորները չէին ընտրում: Հանձնաժողովի ինչպես նախորդ, այնպես էլ վերջին 

նիստում «Հայաստան» խմբակցությունը կրկին թեկնածություն չէր առաջադրել: ՀՀ ԱԺ 

պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ ԱԺ իրավակարգավորումները թույլ են տալիս իշխող 

խմբակցությանը իր կողմից նախագահի տեղակալի թեկնածու առաջադրել, սակայն ժամանակ են տալիս ընդդիմությանը իրենց թեկնածուին ներկայացնելու համար:

  • Կիսվել: