ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վճարիր 10 մլն դրամ և ԶՈւ-ում ծառայիր 1 ամիս. նոր օրենսդրական նախաձեռնություն

Վճարիր 10 մլն դրամ և ԶՈւ-ում ծառայիր 1 ամիս. նոր օրենսդրական նախաձեռնություն

ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարել:

Ըստ նրա՝ երկու տարի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափում են նրանք, ովքեր հիմնականում տիրապետում են մեծածավալ դրամական միջոցների, արտագաղթում են և իրենց հետ տանում իրենց ընտանիքի անդամներին և ֆինանսական միջոցները: Պատգամավորն այս ամենը կասեցնելու նպատակով առաջարկում է այլընտրանքային ծառայության հնարավորություն ստեղծել, այն է՝ արագացված ընթացակարգով զինվորական ծառայության անցնելը:

Սարգսյանի նախագծի համաձայն՝ զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները ՀՀ բյուջե կվճարեն 10 մլն ՀՀ դրամ, որից հետո կծառայեն մեկ ամիս՝ արագացված ընթացակարգով: Այդ մեկ ամսվա ընթացքում նման զինծառայողները պետք է սովորեն զինված ուժերում ծառայելու բոլոր կանոնները, որոշ զինատեսակներից օգտվելու կարգը, հաշվառվեն կոնկրետ զորամասում, տան զինվորական երդում և պարտավորվեն ներկայանալ զորահավաքներին:

ԱԺ պատգամավորն առաջարկում է նաև, որ եթե այդ մեկ ամսվա ընթացքում զինվորը ցանկություն հայտնի շարունակել ծառայությունը զինված ուժերում, ապա կարող է հետ ստանալ գումարը ու ևս 23 ամիս ծառայել:

Հայկ Սարգսյանի առաջարկած նախագծում ասված է. «Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող գումարի հաշվարկը կատարվել է՝ հաշվի առնելով պաշտպանության բանակում պայմանագրային հիմունքներով ծառայող քաղաքացիների միջին աշխատավարձը: Արդյունքում վճարվող գումարով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կարող է ներգրավել 2 պայմանագրային զինծառայողների՝ ծառայության 2 տարի ժամկետով:

Ներգրավված զինծառայողները կլինեն տարիքով ավագ և փորձառու, նրանց առաջնագծում տեղակայելով՝ կուժեղացնենք առաջնագիծը՝ առաջնագծից աստիճանաբար հետ բերելով 18 տարեկան մեր ժամկետային զինծառայողներին, ինչի մասին տարիներ շարունակ խոսում ենք, սակայն միջոցների անբավարարության պատճառով  չենք կարողանում իրականացնել»:

  • Կիսվել: