ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վստահ ասում եմ՝ զինված ուժերում հայաստանցի-արցախցի տարանջատում չկա․ Տիգրան Աբրահամյան

Վստահ ասում եմ՝ զինված ուժերում հայաստանցի-արցախցի տարանջատում չկա․ Տիգրան Աբրահամյան

Բանակում ստեղծված իրավիճակի, դրա պատճառների, հանգուցալուծումների վերաբերյալ InfoPort.am-ը զրուցել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ։

Պրն Աբրահամյան, բանակում վերջին օրերին զինծառայողների մահվան դեպքերը հաճախակի են դարձել: 13 օրում՝ 8 զոհ: Ի՞նչ է սա նշանակում:

Սա նշանակում է, որ տարբեր օղակներում խնդիրներ ունենք: Ունենք կուտակված հարցեր, որոնք հրատապ լուծումներ են պահանջում: Ունենք նաև անելիքներ, որոնք իր ազդեցությունը ընդհանուր միջավայրի վրա կունենան միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով: Իսկ մինչ այդ պետք է ըստ խոցելի ուղղությունների անհրաժեշտ քայլեր ձեռնարկել: Այս պահին, նշածս ուղղություններով, մեծ թվով միջոցառումներ են իրականացվում, տեղերում տարբեր մասնագիտական խմբեր են աշխատում:

Հնչում է տեսակետ, որ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարությունը թույլ է: Ինչպե՞ս եք դա մեկնաբանում, կա՞ն հիմքեր նման կարծիքի գոյության համար:

Արցախի Պաշտպանության բանակի հրամկազմում ճանապարհ անցած փորձառու զինվորականներ են: Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը մինչ այս պաշտոնում նշանակվելը մեծ թվով պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի և Արցախի զինված ուժերում՝ կորպուսի հրամանատար, վարչության պետ, Արցախի ՊԲ շտաբի պետ-առաջին տեղակալ: Ներկայիս շտաբի պետը՝ գեներալ մայոր Ջալալ Հարությունյանը, մեր գերազանց ծառայություն տարած բարձրաստիճան սպաներից է՝ տարբեր ուղղություններով մի շարք զորամասեր է ղեկավարել, եղել է զորամիավորման հրամանատար: Նույն կերպ կարելի է առանձնացնել գեներալներ՝ Միքայել Արզումանյանին, Դավիթ Մանուկյանին, Բորիս Դավիդովին և մեր մյուս հրամանատարներին: Այս շարքը կարելի է երկար շարունակել: Այնպես որ, բանակի հրամկազմի մասին որակումներ ներկայացնելիս պետք է զգուշավորություն դրսևորել՝ նրանք մեր երկրին նվիրված ու երկարամյա ծառայություն կրող հայրենասեր մարդիկ են:

Բանակային դեպքերի համատեքստում ղարաբաղցի-հայաստանցի տարանջատման մասին խոսակցություններ եղան, որոնց հեղինակները մեղադրում էին գեներալիտետին այսպես ասած՝ սաբոտաժ անելու համար: Ի՞նչ կասեք սրա մասին:

Այդ թեզը առաջ մղողները կամ շարքային անտեղյակներ են, որոնք չեն գիտակցում իրենց հայտարարությունների վտանգավորությունը կամ անձինք, խմբեր են, որոնք գիտակցված ձևով փորձում են արհեստական ճգնաժամ հրահրել: Վստահ ասում եմ՝ զինված ուժերում հայաստանցի-արցախցի տարանջատում չկա, իսկ սաբոտաժի մասին հայտարարությունները վիրավորական են մեզ բոլորիս համար: Ավելին՝ միգուցե պետք է դիտարկել սաբոտաժի մասին հայտարարություններին իրավական ընթացք տալու հարցը, որովհետև դրանք իրենց մեծ ծանր մեղադրանք են ենթադրում: Կարծում եմ՝ այս հայտարարություններով պետք է իրավապահ մարմինները զբաղվեն:

Ըստ Ձեզ, ո՞րն է ելքը, միգուցե պաշտոնանկություննե՞րը, թե՞ այլ պատճառ կմատնանշեք:

Պաշտոնանկությունների թեման իմ իրավասությունների ներքո չի, կոռեկտ էլ չեմ համարում հրամանատարների հնարավոր ազատումներից խոսելը, որովհետև ծառայության բերումով այդ մարդկանց հետ գրեթե ամենօրյա շփման մեջ եմ ու տեղյակ եմ, թե այդ մարդիկ ինչպիսի ծառայության շնորհիվ են ներկայիս պատասխանատու դիրքում: Ամեն դեպքում չեմ կարծում, որ մեր բոլոր խնդիրները անձնային մակարդակում են:

  • Կիսվել: