հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Վրացի նախարարը՝ քրեական ենթամշակույթի դեմ հայկական պայքարի մասին

Վրացի նախարարը՝ քրեական ենթամշակույթի դեմ հայկական պայքարի մասին

Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո քաղաքացիների կողմից դատարանները արգելափակելու ակցիան Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ծուլուկեային հիշեցրել է 2013 թվականի իր երկրը:

«Ես այդ ժամանակ քննադատեցի դատավորներին, որոնք հակառակվում էին երկրում սկիզբ դրված բարեփոխումներին: Եվ ասեմ՝ 2013-ին ասվածը կկրկնեի նաև այսօր», -այսօր Երևանում ՀՀ արդարադատության նախարար ռուստամ Բադասյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց վրացի պաշտոնյան:
Նա իր խոսքում անդրադարձել է նաև ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին և ընդգծել, որ այդ պայքարը պետք է տարվի առանց մարդուիրավունքների խախտման:


«Վրաստանում «վարդերի հեղափոխությունից» հետո անցկացվել են մի շարք միջոցառումներ՝ ուղղված արդարադատության բարեփոխմանը: Հենց այս շրջանում է Վրաստանի կառավարությունը սկսել պայքարել հանցավորության դեմ՝ ընդունելով դրա հանդեպ զրո հանդուժողականության սկզբունքը: Այդ ժամանակ Վրաստանի նախագահը հայտարարել էր, որ յուրաքանչյուրը, ով հանցագործություն է կատարել, պետք է բանտում լինի», - նշեց նա:


Թեա Ծուլուկեայի խոսքով, չնայած հանցավորության դեմ պայքարն արդյունավետ էր, սակայն լուրջ խնդիր ուներ մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից:


«Իհարկե, շատ ավելի հեշտ կլիներ հանցավորության դեմ պայքարել առանց մարդու իրավունքները հաշվի առնելու: Կարճաժամկետ հեռանկարում դա շատ արդյունավետ կլիներ, սակայն կարևոր է մարդու իրավունքները հարգելու սկզբունքի հետ հավասարակշռության պահպանումը: Վրաստանում մենք նման հանցագործությունների դեմ պայքարում ենք ըստ Եվրոպական կոնվենցիայի ստանդարտների: Չի կարելի ասել, որ մենք գերազանց արդյունքների ենք հասել, սա ամենօրյա պայքար է, որը պետք է զգուշորեն անցկացվի: Այսօր Վրաստանում չկան «օրենքով գողեր», որոնք վերահսկում են երկրի իրավիճակը: Սակայն այսօր մենք պետք է պայքարենք մի քանի խթանների դեմ, որոնք կարող են վերադարձնել այդ մշակույթը»,- նկատեց Վրաստանի փոխվարչապետը:

  • Կիսվել: