Այդ ռեսուրսը մաշեցնողն էլ լքեց Հայաստանը և հիմա Բոստոնում լավ տուն է գնել և ապրում է. Քոչարյան
Վիգեն Սարգսյանի լավագույն որոշումներից մեկը եղել է տարկետումը հանելը, բայց դա եղել է նրա արդյունքում, որ թե Վիգեն Սարգսյանի, թե իր քաղաքական թիմի կառավարման արդյունքում ՀՀ բնակչությունը այնքան է կրճատվել, որ մենք փաստացի խնդիր ենք ունեցել դիրքերում: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Մեր հասարակության մեջ շատ, շատ շատերը ուզում են ազատվել բանակից: Հիմա չգիտե՞ք ինչ ծավալի է հասել այն բանը, որ տղա երեխեքին տանում են նոր ծնված տանում են ուրիշ երկրի քաղաքացիություն են փորձում ստանալ, առաջ Ռուսաստանն էր, հիմա Ռուսաստանից ինչ-որ առումով խուսափում են, որովհետև այնտեղ էլ ռազմական կոնֆլիկիտի հետ կապված հարցեր կան»,-ասաց նա:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ևս նկատեց, որ նախկինում տարկետոմը հանեցին, որովհետև ռեսուրսը մաշված էր: «Այդ ռեսուրսը մաշեցնողն էլ ինքը լքեց Հայատանը և հիմա Բոստոնում լավ տուն է գնել և ապրում է այնտեղ»,-ասաց նա: Դիտարկմանը, թե սովորում է, Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ փաստաթղթով հավերժ չեն սովորում, սովորում են կյանքից: