ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վազգենն իր կյաքն ու ամբողջ գործունեությունը նվիրեց Արցախի խնդրին․ Արամ Սարգսյան

Վազգենն իր կյաքն ու ամբողջ գործունեությունը նվիրեց Արցախի խնդրին․ Արամ Սարգսյան

Վազգենն իր կյաքն ու ամբողջ գործունեությունը նվիրեց Արցախի խնդրին: Այս մասին այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում ասաց սպարապետի եղբայր Արամ Սարգսյանը։ 

«Այն Հայաստանում, որը կուզենար Վազգեն Սարգսյանը, միանշանակ պետք է լուծված լիներ Արցախի հարցն ու պետք է լուծված լիներ հայանպաստ ձևով: Վազգենն իր կյաքն ու ամբողջ գործունեությունը նվիրեց Արցախի խնդրին: Նա զինվոր էր մինչև 1998 թվականի վերջը, հետո դարձավ քաղաքական դեմք»,- ասաց նա։

Վերջինիս խոսքով՝ Վազգենին իր կենդանության ժամանակ որևէ մեկը սպարապետ չէր կոչում ու չէր էլ կարող կոչել, քանի որ նա թույլ չէր տա, որովհետև համեստ մարդ էր: 

«Նա երբեք իրեն պատերազմ անցած տղաների հետ չի համեմատել, երբեք իրեն չի գերագնահատել: Նա համարում էր, որ Արցախյան ազատամարտին կյանք տված բոլոր մարդիկ ամենակարևորն են ու եթե նրանցից յուրաքանչյուրը բացակայեր, հաղթանակը չէր լինի: Ինքն ուղղակի կարողացավ անհատականությունների ամբողջացել, ձևավորել բանակ, որն էլ հաղթանակ բերեց»,- ասաց Արամ Սարգսյանն ու հավելեց, որ նա  պատերազմին տվեց ամեն ինչ ու ձեռք բերեց հպարտություն: 

«Սերունդներն ու ժողովուրդը պետք է գնահատեն նրան: Իսկ մենք՝ բոլորս պետք է աշխատենք, որպեսզի ոչ միայն Վազգենի, այլ նաև Եռաբլուրում գտնվող տղաների կյանքի գնով եղած ձեռբերումը ամրացնել, հզորացնել մեր երկիրը, վայելել հարգանք, ՀՀ իշխանությունները ներկայանան իրապես անկախ երկրի ղեկավարներ, որոնք լուծել են իրենց ժողովրդի առջև ծառացած խնդիրները: Այ այդ Հայաստանը կլինի Վազգենի ու բոլորիս երազած Հայաստանը»,- ընդգծեց նա։

 

  • Կիսվել: