հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Վազգենի պատգամն ենք առաջ տանում, Շուշիի գրավումն իմ երջանիկ օրերից էր, ես չեմ լռում, դիրքերում եմ. Սասուն Միքայելյան

Վազգենի պատգամն ենք առաջ տանում, Շուշիի գրավումն իմ երջանիկ օրերից էր, ես չեմ լռում, դիրքերում եմ. Սասուն Միքայելյան

Շուշիի ազատագրմանը ես էլ եմ մասնակցել 1992 թվականին, վիրավորվել եմ և իմ երջանիկ օրերից մեկն էլ եղել Շուշիի ազատագրումը և մեր առաջին շքերթը: Այս մասին այսօր Երկրապահի օրը, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ շնորհավորելով բոլոր երկրապահներին, դիրքերում կանգնած տղերքին, մեր բանակին ու ժողովրդին։

«Մենք երկրապահներս այն ժամանակ էլ, հիմա էլ նույն առաքելությունն ենք տանում, այսօր էլ Վազգենի թողած պատգամ ենք տանելու, մինչև վերջ էլ կտանենք: Եթե մի քիչ խելոք լինենք այսօր, կարողանանք համախմբվել ազգովի, դեռ ճամփա ունենք անցնելու»,-ասաց նա:

Հարցին՝ ինչու է վերջին շրջանում ինքը լռում, Սասուն Միքայելյանը պատասխանեց, որ Երկրապահը չի լռում, դիրքերում կանգնած է:

Անդրադառնալով նրան, որ կառավարության որոշմամբ ՊՆ-ն որոշակի դրամական հատկացում է տրամադրել ԵԿՄ-ին, Սասուն Միքայելյանն ասաց. «Մենք 2020 թվականից մինչև այսօր Հայաստանի պետական սահմաններում ենք, Արցախյան ազատամարտում Երկրապահը 4000 հոգով մասնակցել է Արցախում, տվել ենք 74 ու 113 վիրավոր: Մենք այսօր պատանի երկրապահներ ունենք, երեխաներ ենք պատրաստում, որ վաղը զինվոր դառնան: Բացի այդ, գիտեք, որ այսօր երկրապահներից շատերը ծերացել են, շատ սոցիալական խնդիրներ ունեն, շատ պրոբլեմներ ունեն և դրանցով ենք զբաղվում նաև։

Գիտեք, որ ամեն տարի մենք երեխաներին ճամբար ենք բերում, որը գտնվում է Մարտունիում։ Տարեկան 1500-ից 2000 երեխա են հանգստանում։ Ճամբարը սովորական ճամբար չի, ռազմականացված ճամբար է, ոնց որ բանակի առօրյան նույն ձևի մեր երեխաներն են զբաղվում»:

 

  • Կիսվել: