հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վայոց ձորի մարզպետը մասնակցել է  Արցախյան պատերազմի մասնակից հերոսների հիշատակին նվիրված միջոցառմանը

Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Արցախյան պատերազմի մասնակից հերոսների հիշատակին նվիրված միջոցառմանը

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այսօր մասնակցել է Աղնջաձորի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած Արցախյան պատերազմի մասնակից հերոսների հիշատակին նվիրված միջոցառմանը: Աղնջաձորի միջնակարդ դպրոցի ՆԶՊ դասասենյակն անվանակոչվել է աղնջաձորցի հերոս կապիտան Դավիթ Գրիգորյանի, ևս մեկ դասասենյակ էլ՝ շարքային Ժիրայր Եփրեմյանի անվամբ:
 
Անվանակոչմանը նվիրված արարողությանը ներկա են եղել նաև Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը, զոհված հերոսների հարազատներ և այլ հյուրեր: Դպրոցում կայացել է «Ցավում ենք և հպարտանում» խորագրով միջոցառում, որն սկսվել է Հայաստանի Հանրապետության օրհներգով և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելով:
 
Աշակերտները հանդես են եկել հայրենասիրական, երաժշտական կատարումներով, ներկայացրել են իրենց կյանքը հանուն հայրենիքի ազատության նվիրած աղնջաձորցի հերոսների կյանքն ու սխրագործությունները:
 
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրված անմահ հերոս Դավիթ Գրիգորյանի պարգևը հարազատներին է հանձնել մարզպետ Արարատ Գրիգորյանը:
 
Միջոցառման ավարտին մարզպետ Աարարտ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին և ուսուցչական կոլեկտիվին, և իր խոնարհումի խոսքն ուղղել այն զինվորների հիշատակին, որոնք ամնացորդ նվիրումով պաշտպանել են հայրենիքն ու հայ ժողովրդին:
 
«Հերոսները ծնվում են, բայց չեն մահանում: Մեր սրբազան գործն է շարունակել նրանց գործը, ամրապնդել ու շենացնել մեր երկիրը: Մենք պիտի ապրենք, արարենք, որպեսզի մեր ապագա սերունդներն ապրեն խաղաղ, ապահով հայրենիքում: Միայն մեր աշխատանքով կարող ենք ապացուցել, որ ամուր ենք պահելու մեզ փոխանցված այս փխրուն խաղաղությունը»,- նշել է Արարատ Գրիգորյանը:
 

  • Կիսվել: