հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վարչապետը՝ 44-օրյա պատերազմի ժամանակ սաղավարտների և զրահաբաճկոնների անբավարարության խնդրի մասին

Վարչապետը՝ 44-օրյա պատերազմի ժամանակ սաղավարտների և զրահաբաճկոնների անբավարարության խնդրի մասին

Սպառազինության տարբեր տեսակներ ունեն իրենց առանձնահատկությունները: Հարցը միայն այն է, թե որտե՛ղ եւ ինչպե՛ս դրանք ավելի արդյունավետ օգտագործել: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ, իր կարծիքով, կառավարության ղեկավարն այն մարդը չէ, որը պետք է զանգահարի Գլխավոր շտաբ ու ցուցումներ տա, թե ինչով կրակել, ինչ բարձրացնել օդ։

Փաշինյանը հավելեց, որ սաղավարտների եւ զրահաբաճկոնների անբավարարության խնդրի մասին առաջին անգամ իմացել է 44-օրյա պատերազմի սկսվելուց հետո։ Վարչապետն անդրադարձավ նաեւ բանակի կարիքների մասին իր անտեղյակության հետ կապված քննադատություններին։ ՛՛Կներեք, բայց վարչապետը պարտավոր չի կարդալ մի քանի հարյուր էջանոց փաստաթուղթ եւ ասել՝ օ՜, Աստված, ի՞նչ է գրված այստեղ: Դրա համար կան համապատասխան գերատեսչություններ, որոնք որոշումներ են կայացնում։ Իմ վարչապետության օրոք բանակի ֆինանսական բոլոր խնդրանքները կատարվել են՛՛։

Ըստ վարչապետի ՌՕՈւ-ն է, որ պետք է որոշի, թե ինչ ռազմական ավիացիա պետք է ձեռք բերել։ Դա անելու համար նրանք պետք է գնահատեն իրենց կարիքները. ՛՛Ո՛չ վարչապետը, ո՛չ Գլխավոր շտաբի պետը չեն կարող այնքան լավ իմանալ ռազմական ավիացիան, որ միանձնյա որոշում կայացնեն ՍՈւ-30ՍՄ-ի գնման վերաբերյալ՛՛:

Նիկոլ Փաշինյանը նաեւ ասաց, որ երբ Զինված ուժերն իրեն ներկայացրել են առաջիկա 10 տարվա սպառազինության եւ ռազմական տեխնիկայի գնման պլանը՝ ընդհանուր առմամբ 12 մլրդ դոլար արժողությամբ, ինքը միայն պատասխանել է, որ այդ միջոցները կգտնվեն։

՛՛Երբ ինձ ասացին, որ բանակում սնունդ կազմակերպելու համար 15 միլիարդ դրամ է անհրաժեշտ, ես ասացի՝ կտանք։ Բացի այդ, 100 մլն դոլար մենք տվել ենք ինքնաթիռներ գնելու համար։ Արկեր գնելու համար՝ նույնպես կտանք։ Ուրիշ բան, որ հիմա պարզվում է, որ ինչ-որ մեկը, ստանալով այս գումարը, սրբել է 1973-ի արկերի փոշին ու բերել ՊՆ պահեստներ։ Համենայնդեպս այդ մասին են վկայում գործի նյութերը։ Սակայն մենք անմեղության կանխավարկածը չենք խախտի՛՛,-նշեց վարչապետը:

  • Կիսվել: