երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Ուզում եմ՝ բոլորիս նպատակը լինի օր առաջ ավելի ամուր դարձնել ՀՀ սահմանը և տարածքային ամբողջականությունը. Պապիկյան (տեսանյութ)

Ուզում եմ՝ բոլորիս նպատակը լինի օր առաջ ավելի ամուր դարձնել ՀՀ սահմանը և տարածքային ամբողջականությունը. Պապիկյան (տեսանյութ)

Պաշտպանության նախարարությունում կայացած խորհրդակցության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ելույթ է ունեցել՝ անդրադառնալով անցած տարվա ընթացքում կատարված աշխատանքին և այս տարվա անելիքներին: Ելույթի սկզբում նախարարը ցավակցել է հունվարի 19-ին զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների հարազատներին:

«Ես իմ խորին ցավակցությունն եմ ուզում հղել հունվարի 19-ի դեպքերի բերումով զոհված մեր զինծառայողների հարազատներին, զինակից ընկերներին և ասել, որ Հայաստանի զինված ուժերում անտարբերությունը, խնդրիրներին մատերի արանքով նայելը և անկարգապահությունը տեղ ունենալ չեն կարող: Դա այլևս աններելի է, և յուրաքանչյուրիս անելիքն է հետևություններ անել այս իրադարձություններից, խմբագրել մեր անելիքները և կատարել մեր պարտականությունները»,-ասել է Պապիկյանը:

Նա հավելել է, որ հունվարի 28-ը իր համար՝ որպես պաշտպանության նախարար, ոչ միայն բանակի տոնն է, այլ նախորդ տարի կատարված աշխատանքի, արվածի, չարվածի գնահատականի օրն է: «Այն մի կարևոր փուլ է, երբ ամենքս մեզ հարց տալուց պիտի վստահ լինենք, որ մեր պարտականություններում թերանալիս անգամ՝ մեղավորության բաժին չենք ունեցել: Բայց փաստ է, որ 2022 թվականը որքան էլ մեր տքնաջան աշխատանքի արդյունքում որոշակի հաջողություններ է արձանագրել, կան բազում թերացումներ: Եվ այդ բազում խնդիրների հետ առերեսվելու, դրանք ի գիտություն ընդունելու և սխալները չկրկնելու պարտավորություն ունենք: Ես վստահ եմ, որ 2022 թվականը բարեփոխումների տարի լինելուց զատ էապես փոխել է մթնոլորտը մեր Զինված ուժերում: Գուցե, դա բավարար չէ, գուցե, տեսանելի չէ, և հանրության պահանջը, ակնկալիքը, գուցե, թվա անիրական կամ մեր ուժերից վեր, բայց մեր պարտավորությունն է այդ ակնկալիքն ամբողջությամբ բավարարել»,- նշել է նախարարը:

Պապիկյանն անդրադարձ է կատարել նաև 2022 թվականի սեպտեմբերյան դեպքերին, որոնց ժամանակ շատ զինծառայողներ և սպաներ աչքի են ընկել սխրանքներով:

«Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելը յուրաքանչյուրիս պարտքն է՝ ԶՈւ յուրաքանչյուր սպայի և հայրենիքի յուրաքանչյուր զինվորի: Այո, մենք 2022 թվականի սեպտեմբերին, նաև 2020 թվականի պատերազմից հետո ցույց տվեցինք, որ հայ զինվորը ԶՈՒ-ն կանգնած է մեր սահմանին և ամեն գնով պաշտպանելու է ՀՀ տարածքային ամբողջականությունը: Սա, իհարկե, առաջին քայլն է, առաջին նշույլն է առ այն, որ մեր ողնաշարը շտկման ճանապարհին է: Բայց նաև այն բավարար չէ, և 2023 թվականը ինձ համար՝ որպես պաշտպանության նախարար, ձեր առաջ պարտավորության ստանձնումն է, որ 2023-ը պետք է դառնա սխալների խմբագրման, անհնարինը իրականություն դարձնելով՝ մեր ողնաշարը շտկելու տարի: Այլ ճանապարհ չկա, մենք պետք է պատրաստ լինենք. յուրաքանչյուրը, ով կրում է ուսադիր, ով չի կրում ուսադիր, բայց յուրաքանչյուր պահի պատրաստ է զորակոչվել մեր շարքերը, պետք է պատրաստ լինի իր կյանքն անմնացորդ նվիրել հանուն հայրենիքի: Բայց, իհարկե, ավելի լավ է 2023-ը նաև դարձնել ոչ միայն դիմադրելու ու դիմակայելու տարի, այլ այն դարձնել մտածելու, խելամիտ ու հնարամիտ լինելու տարի: Մեր տարածքային ամբողջականության պաշտպանության գրավականը պետք է լինի մեր խելամտությունը և, իհարկե, անմնացորդ կամքը»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:

Նա նշել է, որ ուզում է ՀՀ ԶՈւ յուրաքանչյուր սպայի աչքերում տեսնել ավյուն, տեսնել ցանկություն, պայծառ հայացք, որը միտված է մեր երկրի պաշտպանունակությունը օր առաջ ավելի ամուր, ավելի լավը դարձնելուն: «Հայոց բանակի դերը, հայ զինվորի դերն ու կոչումը մեր պետականության հարատևությունն ու ամրությունը պաշտպանելն է: ՀՀ ԶՈՒ-երը մշտապես պետք է լինեն մեր պետականության ապավենը և մեր պետականության հարատևման հիմնական գրավականը»,- ասել է Պապիկյանը:

Նա հավելել է, որ 2022-ին մի շարք բարեփոխումներ են իրականացրել, որոնց տեղայնացումը պետք է տեղի ունենա 2023 թվականին: «Դա կախված է ամենքիս ջանքերից: 2022-ը նաև եղել է հնարավորությունների տարի, 2023-ը իր հերթին լինելու է նպատակ ունեցող, տեսլական ունեցող զինվորականի համար վերելքի ու հնարավորության տարի: Սահմանափակ ու լճացած գործընկերների համար այն պետք է լինի բանակին, ԶՈւ-ին հաջողություն մաղթելու տարի: Ես ուզում եմ՝ ամեն մեկս մեզ համար հետևություն անենք արածի ու չարածի: 2023 թվականը պետք է մեզ համար դառնա նոր սկզբի տարի, վերընձյուղման տարի և ողնաշարի շտկման տարի: Ես ուզում եմ՝ բոլորիս համար նոր կարգախոս դառնա անխոնջ աշխատանքը, քրտնաջան աշխատանքը, և ուզում եմ բոլորիս նպատակը լինի մեկը՝ օր առաջ ավելի ամուր դարձնել ՀՀ սահմանը և տարածքային ամբողջականությունը»,- եզրափակել է նախարարը:

  • Կիսվել: