երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ունենք չօգտագործված մեծ ներուժ, որն առաջիկայում կյանքի ենք կոչելու. Պապիկյանը՝ Կիպրոսի ՊՆ ղեկավարին

Ունենք չօգտագործված մեծ ներուժ, որն առաջիկայում կյանքի ենք կոչելու. Պապիկյանը՝ Կիպրոսի ՊՆ ղեկավարին

Կիպրոսն ու Հայաստանը ոչ միայն լավ բարեկամներ են, այլև բնական դաշնակիցներ: Այս այցը բարեկամական կապերը միջպետական ամուր հարաբերությունների վերածելու կարևոր քայլերից մեկն է: Այդ մասին Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Կողմերը քննարկել են ինչպես պաշտպանական համագործակցության զարգացման, այնպես էլ անվտանգային հարցեր:

«Երկուստեք ամրագրեցինք, որ թեև պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությունը բարձր մակարդակի վրա է, և վերջին տարիներին դինամիկ զարգանում է, սակայն ունենք չօգտագործված մեծ ներուժ, որն առաջիկայում կյանքի ենք կոչելու»,- ասաց Պապիկյանը և հավելեց՝ հայ-կիպրական համագործակցությունն ուղղված է երկու երկրների պաշտպանական կարողությունների զարգացմանը, անվտանգության և ինքնիշխանության ամրապնդմանը, տարածաշրջանային և միջազգային կայունությանը:

«Կարևորում եմ նաև Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը, որը նույնպես հիմնված է միևնույն արժեքները կրող մեր երկրների համատեղ նպատակների իրականացմանը և մարտահրավերներին դիմակայելու պատրաստությանը»,- ասաց Պապիկյանը: 

ՀՀ ՊՆ ղեկավարը նաև բարձր գնահատեց Կիպրոսի աջակցությունը Հայաստանին ԵՄ կառույցների և անդամ պետությունների հետ փոխհարաբերություններում:

«Հայ-կիպրական կապերը կարող են իրենց նպաստը բերել կազմակերպության շրջանակներում Հայաստանի ինտեգրացիոն գործընթացներին»,- ասաց նա:

  • Կիսվել: