ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ում օրոք են գնվել և ում օրոք ՊՆ հաշվեկշիռ փոխանցվել $5 մլն անսարք հրթիռները, ուր են հետագայում տեղափոխվել դրանք. պատասխանները մասամբ հնչել են պաշտպանության հանձնաժողովի նիստում

Ում օրոք են գնվել և ում օրոք ՊՆ հաշվեկշիռ փոխանցվել $5 մլն անսարք հրթիռները, ուր են հետագայում տեղափոխվել դրանք. պատասխանները մասամբ հնչել են պաշտպանության հանձնաժողովի նիստում

ՀՀ Ազգային Ժողովի պաշտպանության և ազգային անվտանգության հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ պատգամավորները անդրադարձան օրերս Գլխավոր Դատախազության կողմից հարուցված մի աղմկոտ քրեական գործի, ըստ որի 2011 թվականին ՀՀ ՊՆ ձեռք է բերել $5 մլն անսարք հրթիռներ:

Այս առնչությամբ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը նկատեց, որ, ըստ շրջանառվող լուրերի, այդ անսարք հրթիռները 2011 թվականին զուտ ի պահ են տված եղել Պաշտպանության նախարարությանը, սակայն ՊՆ հաշվեկշռի մեջ են ընդգրկվել միայն 2018 թվականի դեկտեմբերից:

Ի պատասխան այս նկատառմանը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ով իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ է, նշեց, որ անշուշտ Ազգային անվտանգության ծառայությունը, որի աշխատակիցները վստահաբար օնլայն ռեժիմով հետևում են նիստին, կֆիքսեն Աբրահամյանի հայտարարությունը և կկանչեն նրան համապատասխան պարզաբանումներ ստանալու համար:

Ի դեպ, Քոչարյանն ասաց, որ նույն այդ հարցով իրեն առավոտյան զանգահարել է նախկին Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, ով նույնպես պնդել է, որ անսարք հրթիռները ՊՆ հաշվեկշռում ներառվել են միայն 2018 թվականի դեկտեմբերին:

«Կարծում եմ ԱԱԾ-ն այս առնչությամբ պետք է Մովսես Հակոբյանից էլ պարզաբանումներ ստանա»,- նկատեց պատգամավորը: Իր կողմից էլ Քոչարյանը հավելեց, որ ներկայիս ԳՇ պետ Արտակ Դավթյանն էլ իրեն հայտնել է, որ այդ հրթիռները հետագայում վերավաճառվել են աֆրիկյան երկրներին: «Սա էլ իմ կողմից եմ ավելացնում, թող ԱԱԾ-ն սա էլ քննի, ի վերջո, եթե խոսում ենք ԶՈՒ-ում կոռուպցիայի դեմ պայքարի մասին, պետք է այն վերջնական արմատախիլ անենք»,- եզրափակեց Քոչարյանը:

Նշենք, որ 2011 թվականին ՊՆ-ի կողմից $5 մլն անսարք հրթիռներ գնելու ԳԴ-ում հարուցված քրգործով, ըստ շրջանառվող լուրերի, անցնում է ՊՆ Ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիս Մուրադյանը:

  • Կիսվել: