ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Տոնոյանը ներկա է եղել «1991 ստորաբաժանում» ծրագրի նախապատրաստական դասընթացին

Տոնոյանը ներկա է եղել «1991 ստորաբաժանում» ծրագրի նախապատրաստական դասընթացին

Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարը ներկա է եղել ՀՀ ՊՆ և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի նախաձեռնած «1991 ստորաբաժանում» ծրագրի նախապատրաստական դասընթացին, տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Դավիթ Տոնոյանը հետևել է դասընթացի կազմակերպմանը, առանցքային հարցերի շուրջ զրուցել է դասավանդող կազմի հետ, պատասխանել դասընթացին մասնակիցներին հետաքրքրող հարցերին։

Նախապատրաստական դասընթացի միջոցով նախազորակոչային տարիքի երիտասարդներին գիտելիքներ կփոխանցվեն տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, որոնց շնորհիվ զինակոչիկներն առավել պատրաստված կլինեն նորաստեղծ «1991 ստորաբաժանումում» ծառայության անցնելու համար։

«1991 ստորաբաժանման» կազմավորման նպատակն է ՀՀ զինված ուժերի տեխնոլոգիական գերակայության, զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց շարունակական կրթության, բազմակողմանի զարգացման և մասնագիտական հմտությունների յուրացման հնարավորությունների ապահովումը:

ՀՀ զինված ուժերում նոր հատուկ միավորի գործունեության արդյունքում հնարավոր կլինի իրականացնել ինչպես ամենօրյա, այնպես էլ միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների լուծմանն ուղղված գիտահետազոտական նախագծեր և վերլուծություններ:

  • Կիսվել: