հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տոնոյանը Կասպրշիկի հետ զրույցում կարևորել է լարվածության թուլացման միջոցառումների շուտափույթ իրականացումը

Տոնոյանը Կասպրշիկի հետ զրույցում կարևորել է լարվածության թուլացման միջոցառումների շուտափույթ իրականացումը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին է փոխանցել  իր մտահոգությունը  վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանի որոշակի հատվածներում հակառակորդի գործողությունների աշխուժացման փորձերի կապակցությամբ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին ընդունել է մարտի 12-ի երեկոյան,  ներկայացրել  հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը, հրադադարի ռեժիմի խախտման հաճախականությունն ու բնույթը: 

Դավիթ Տոնոյանը նշել է, որ տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումները, միջազգային տնտեսական, համաճարակային վիճակը, եղանակային պայմանները և մի շարք այլ գործոններ մեծացնում են իրավիճակի ապակայունացման հավանականությունը:  Այս առումով պաշտպանության նախարարը կարևորել է լարվածության թուլացման միջոցառումների շուտափույթ իրականացումը՝  նոր սադրանքները բացառելու առումով:

Դեսպան Կասպրշիկը պատրաստակամություն է հայտնել առավելագույն ջանքերը գործադրել լարվածության թուլացման ուղղությամբ իր միջնորդական առաքելության մեջ:

Զրուցակիցները քննարկել են նաև գերության և անազատության մեջ պահվող քաղաքացիների հետ կապված հումանիտար հարցեր:

 

  • Կիսվել: