հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Տեղում դիրքային բարելավման աշխատանքներ ենք կատարում. ԳՇ պետ

Տեղում դիրքային բարելավման աշխատանքներ ենք կատարում. ԳՇ պետ

ՀՀ ԶՈւ–ն դիրքային բարելավման աշխատանքներ է կատարում Տեղում։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։
 
«Մենք կանգնած ենք Տեղի մատույցներում, իսկ ադրբեջանցիներն էլ կանգնած են մեր ստորաբաժանումների, դիրքերի դիմաց»,–ասաց Ասրյանը։
Ինչ վերաբերում է Սոթքում տիրող իրավիճակին, երբ հայ զինծառայող էր զոհվել հակառակորդի կրակոցներից, ԳՇ պետն ասաց, որ այս պահին այնտեղ իրավիճակը հարաբերական կայուն է։
Ասրյանը չմեկնաբանեց սահմանազատման աշխատանքների ընթացքին վերաբերող հարցը։ Նրա խոսքով` սահմանազատման աշխատանքների համար ստեղծված է հատուկ հանձնաժողով, որն էլ զբաղվում է այդ աշխատանքներով, ԳՇ պետը ներկայացուցիչ ունի այդ հանձնաժողովում։
 
Հիշեցնենք` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մարտի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական կողմը կրկին խախտել է պայմանավորվածությունները և մի քանի կետերում տեղակայվել սահմանից 100-300 մետր ավելի առաջ, որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:
 
ՀՀ ԱԱԾ–ն ապրիլի 1-ին հայտարարեց, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ, և իրականացվել սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։

  • Կիսվել: